Եվրոպայի հայ գաղթօջախները հայտնի են եղել դեռևս միջնադարից: Դրանց մեծ մասը քաղաքներում առևտրական թաղամասեր, անգամ առանձին քաղաքներ են հանդիսացել, ունեցել են իրենց դպրոցները, եկեղեցիները, իսկ ժամանակի ընթացքում՝ նաև տպարանները։
Ապաստանած երկրի իշխանությունների կողմից պաշտոնապես ճանաչված Եվրոպայի ամենավաղ հայկական գաղթօջախներից է Լեհաստանի հայկական համայնքը, որի 650-ամյակը այս տարի նշվեց Լեհաստանում: Նոյեմբերի 24-ին Լեհաստանի Սեյմն անգամ հատուկ բանաձև ընդունեց այդ հոբելյանի առթիվ, որի վերնագիրը հետևյալն էր՝ «Կազիմիր Մեծ թագավորի կողմից Լեհաստանի հայերին շնորհված արտոնության 650-ամյա տարեդարձի մասին»: Բանաձևում նշվում է, որ դարերի ընթացքում, ինչպես նաև հիմա, լեհերի և հայերի միջև բարեկամական փոխհարաբերությունները կարող են օրինակ ծառայել այլ պետությունների և ժողովուրդների համար:
Պատմությունը վկայում է, որ Լեհաստանի հռչակավոր միապետ Կազիմիր 3-րդ Մեծը, ով գահակալել է 1333-1370 թթ. և թաղված է Կրակովի թագավորական նստավայրում՝ Վավել ամրոցում, վեց ու կես դար առաջ առանձին հրամանագրերով հատուկ արտոնություններ էր շնորհել Լեհաստանի կազմում գտնվող Կամենեց-Պոդոլսկ և Լվով քաղաքների հայ բնակչությանը, տվել նրանց ազգային խորհուրդ հիմնելու իրավունք: Տասներկու դատավորից կազմված այդ բացառիկ խորհուրդը հայերի հետ կապված գործերը փաստացի վարում էր լիակատար անկախության պայմաններում: Ի դեպ՝ կարևոր փաստ է նաև, որ բոլոր փաստաթղթերի և պաշտոնական որոշումների գրագրությունը կատարվում էր հայերեն լեզվով և հայ ազգային ավանդական օրենքների համաձայն: Բացի դրանից՝ Հայ առաքելական եկեղեցուն իրավունք տրվեց Լվովում հիմնել առանձին թեմ:
Նկարում 14-րդ դարի Լվովի հայկական վանքն է: