Շարունակեով մասնագիտությանս հետ անմիջական կապ ունեցող գրառումներիս ցիկլը՝ այս անգամ ևս կփորձեմ փայլել հոգեբանական գիտելիքներովս:)
Ի՞նչն է մարդուն մարդ դարձնում, ինչի՞ վրա ենք հիմնվում մենք դիմացինի և ինքներս մեր մասին դատողություններ անելիս: Այո՛, չափորոշիչները շատ են, բայց դրանք դրսևորվում են մարդու վարքում, ուստի այս անգամ ես կպատմեմ ձեզ մի շարք վարքաբանական առանձնահատկությունների մասին, որոնք բնութագրված են հոգեբանություն գիտության մեջ:
1. Տեստաստերոն հորմոնի բարձր աստիճան ունեցող մարդիկ հաճույք են ստանում ուրիշների զայրույթից:
2. Մարդիկ փորձում են նվաստացնել այլ մարդկանց, երբ վստահ չեն իրենց վրա: Այսպես, գիտափորձի համատեքստում, փորձի ուսումնասիրության խմբի մի մասին ասացին, որ իրենք ցածր գնահատականներ են ստացել, իսկ մյուսին ասացին՝ բարձր: Հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ առաջին խմբի մարդիկ ավելի շատ էին հակված ազգայնական ու կրոնական նախապաշարմունքներ դրսևորել այլոց նկատմամբ:
3. Շատ մարդիկ կհերքեն դա, կվիճեն այս պնդման հետ, բայց դիմացինի հանդեպ բացասական վերաբերմունքը հիմնականում պայմանավորված է մեր իսկ ինքնագնահատականի անկումով, որը բարձրացնելու համար մենք ենթագիտակցաբար ձգտում ենք նվաստացնել դիմացինին:
4. Մարմնական զգացողությունները ազդում են մարդկային վարքի վրա: Օրինակ՝ մարդու կողմից մեկ այլ մարդու ընկալման ասոցիատիվ կապեր են առաջացնում ծանրության ու կարևորության/հարգանքի միջև: Այսպես, գիտափորձի ժամանակ մարդիկ ավելի լուրջ ու հարգալից էին ընկալում այն մարդկանց, ում ռեզյումեներն ավելի ծանր էին և հակառակը:
5. Նույն կերպ, երբ առկա է չորության կամ պնդության ֆիզիկական գործոն, դրան ենթարկվող դրսևորում է ոչ ճկուն վարք, այնպես որ բանակցություններ վարելիս ուշադիր եղեք, որ աթոռները լինեն փափուկ: Խորդուբորդ մակերեսի հետ ձեռքի շփումը կարող է հանգեցնել այլ մարդկանց հետ հարաբերությունների սրման, իսկ ցուրտը առաջացնում է միայնության զգացողություն:
6. Մարդիկ ունեն հակվածություն անբարոյական քայլեր անելու կամ չօգնելու կողքինին, եթե դրա համար չի պահանջվում կիրառել հատուկ ջանքեր կամ չկա անհրաժեշտություն մարդուն ուղղակիորեն մերժելու:
7. Մարդիկ ավելի հաճախ են դրսևորում «ճիշտ» վարք, եթե տվյալ իրավիճակում տվյալ որոշումը կայացնելիս իրենց հետևողներ կան: Նույն հետևողների գործոնը բարձրացնում է նաև ուղղակի խնդրանքներին, հանգանակություններին, ստորագրահավաքներին դրական պատասխան ստանալու հավանականությունը:
8. Ստելը բավականին մեծ մտավոր լարում է պահանջում մարդուց, որովհետև մարդը միաժամանակ փորձում է հիշել հորինված սուտը, որպեսզի ասի այն, և ճիշտը, որպեսզի թաքցնի այն: Արդյունքում, նա ավելի շատ է սկսում պարզ նախադասություններ կիրառել խոսքի մեջ ու ավելի բարդությամբ է լուծում տրամաբանական բնույթի խնդիրները, որոնք ծագում են պրոցեսում:
9. Երբ մարդուն հետևում են, նա ավելի լավ վարք է դրսևորում, ընդ որում, հետևված լինելու պատրանքը ևս կիրառական է այս առումով: Օրինակ՝ բավական է, որպեսզի բուֆետում երևացող տեղից աչքի նկար կախված լինի և իրենց հետևից հավաքողների թիվը կբարձրանա:
10. Վարքն ուղղակիորեն ազդում է բարոյականության վրա: Որքան ավելի շատ են ստում, խաբում, խարդախություն անում կամ որևիցե այլ անբարոյական արարքների դիմում, այնքան ավելի են խաթարվում լավի ու վատի նրանց պատկերացումները:
11. Գրավիչ և ազնիվ արտաքինը հաճախ խաբուսիկ է, իսկ մարդիկ ավելի հակված են հավատալ արտաքինին, քան անկեղծությանը: Անգամ մասնագետները 86 տոկոս դեպքերում ավելի են հակված լինում բարետես արտաքինով սուտասաններին:
12. Արտաքին տեսքը հսկայական դերակատարություն ունի նաև ընտրությունների ժամանակ: Ընտրազանգվածը հետևություններ է անում տվյալ քաղաքական գործչի կոմպետենտության վերաբերյալ՝ հենվելով նաև նրա արտաքին տեսքի, հասունության և գրավչության վրա: Բնականաբար, սա արվում է անգիտակցաբար:
13. Ավելի հաջողակներին ու ավելի հարուստներին մարդիկ համարում են ավելի խելացի ու ավելի խոհեմ: Ըստ այդմ, մարդիկ հակված են հավատալու, որ մարդիկ հարուստ և աղքատ են դառնում իրենց արժանիքների շնորհիվ:
14. Երջանիկ է ոչ թե նա, ով շատ փող ունի, այլ նա, ով ավելի շատ փող ունի, քան հարևանը: Նաև հենց այս ֆենոմենով է բացատրվում այն հանգամանքը, որ հաճախ անգամ միլիարդատերերը իրենց երջանիկ չեն զգում, որովհետև հարստանալով նրանք նոր միջավայրում ու նոր շրջապատում են հայտնվում, որտեղ էլի կան «հարևաններ», ովքեր իրենցից ավելի հարուստ են:
15. Ցասումը ավելի է ուժեղացնում մարդկանց մոտ տիրանալու ցանկությունը, և մարդը ավելի մեծ ջանք ու եռանդ է թափում, որպեսզի ձեռք գցի այն օբյեկտներին, որոնք ասսոցիացիաներ են առաջացնում զայրույթի հետ: Առաջ այս երևույթը վերագրվում էր մենակ դրական էմոցիաների առանձնահատկությունների թվին:
16. Որքան ավելի բարդ է կայացվելիք որոշումը, այնքան ավելի հակված են մարդիկ ամեն ինչ թողնել այնպես, ինչպես որ կա: Օրինակ՝ եթե խանութում տեսականին չափազանց մեծ է, և մարդիկ դժվարանում են վերջնական ընտրության կայացման հարցում, նրանք կարող են պարզապես չանել գնումը:
17. Երբ մարդկանց մոտ ինչ-որ բան չի ստացվում, ապա նրանք սկսում են փորձել ինչ-որ օրինաչափություններ ու դավադրության տեսություններ հորինել, որոնք իբրև խանգարում են իրենց նպատակին հասնել:
18. Մարդիկ ափսոսում են արագորեն կայացված որոշումների համար, անգամ եթե դրանց արդյունքերը, ըստ էության, բավարարում են իրենց: Ընդ որում, ոչ այնքան էական է, թե կոնկրետ ինչքան ժամանակ է ծախսվել որոշման կայացման համար, որքան այն, թե որքանով է մարդու մոտ առկա զգացողությունը, որ հատկացված ժամանակը բավարար էր:
19. Ոչ բոլոր ռիսկերն են ընկալվում միանման: Միևնույն մարդը կարող է հանգիստ ցատկել պարաշյուտով, բայց կարող է վախենալ առարկել վերադասին կամ վարժեցնել առյուծների, բայց վախենալ դուրը եկած կնոջ հետ ծանոթանալ փորձելուց:
20. Ձանձրույթն անգամ իր դրական կողմերն ունի․ ձանձրացող մարդիկ հաճախ փորձում են փարատել ձանձրույթը՝ ինչ-որ լավ գործեր անելով, որովհետև ժամանցային միջոցառումները վաղուց դադարել են նրանց կյանքում ինչ-որ նորություն մտցնելուց, իսկ որոշ դեպքերում՝ արդեն դարձել են միապաղաղ բան, որը միայն ավելի է սաստկացնում ձանձրույթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



