Հայաստանում աջակողմյան ղեկ ունեցող մեքենաների ներկրման և հետագայում շահագործման արգելքները ոչ մի բանի վրա հիմնված չեն: Այլ կերպ ասած` նման որոշում ընդունողները չեն հիմնվել օբյեկտիվ և հավաստի ոչ մի փաստի կամ գիտելիքի վրա:

Ընդունված փաստաթղթում որպես հիմնավորում բերվում են հետևյալ գործոնները, որոնք մեկ առ մեկ ես հիմա կքննարկեմ.
1. Գրված է, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն:
Հիմա, եթե մեքենայի ղեկն աջ կողմում է, Հայաստանում այդ մեքենան սկսո՞ւմ է երթևեկել ոչ թե աջակողմյան երթևեկությամբ: Իհարկե, ոչ, ղեկի դիրքից մեքենայի ընթացքի ուղղությունը չի փոխվում: Ուրեմն՝ այս հիմնավորումը կեղծ է:

2. Գրված է, որ «Հայաստանի Հանրապետությունում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդն ունի սահմանափակ տեսանելիություն: Մասնավորապես՝ կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու, երթևեկության գոտի վերադասավորվելու, երթևեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու և այլ դեպքերում»: Որտեղի՞ց այս տեղեկատվությունը, ձեզ ո՞վ է ասել, որ աջ ղեկով մեքենան վարելիս նման խնդիրներ են առաջանում: Նման խնդիրները վաղուց ունեն իրենց տեխնիկական լուծումները՝ լրացուցիչ հայելի, օրինակ: Սա որպես հիմնավորում ընդունելու համար պետք էր բերել ոստիկանության տվյալներ այն մասին, որ ՃՏՊ-ների մասնակից մեջ աջ ղեկով մեքենաները դարձել են պատահարի մասնակից հենց ղեկի դիրքի, ոչ թե մեկ այլ պատճառով: Քանի որ նման տվյալներ չկան, այն հիմնավորումը նույնպես կեղծ է:

Այլ հիմնավորում բերված չէ, հետևաբար նախագիծն ընդունվելու որևէ հիմք չուներ: Բայց ընդունվել է, ինչը նշանակում է, որ տղերքով հավաքվել են, մեկը մի անհիմն բան է ասել, մյուսները գլուծները թափ են տվել ու որոշում կայացնել:

Զզվելի է, որ մեծ մարդիկ կարող են այդքան անհիմն մտածել ու գործել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել