Հարգելի պարոն Նախագահ,
Ձեր նախագահության երկրորդ շրջանը նշանավորվում է Գյումրիում օրը ցերեկով քաղաքի կենտրոնում 20 րոպե տևած կրակոցներով:
Հանրապետության երկրորդ մայրաքաղաքը, որը ժամանակին անվանում էին մշակույթի ու արվեստի քաղաք, այժմ ստացել է կրիմինալ քաղաք անվանումը:
Այս քաղաքի բնակիչները, որոնք դեռևս չեն մարսել 88-ի ավերիչ հետևանքները, հիմա էլ ստիպված են տանել քաղաքում տիրող բարձիթողի վիճակը:
Դուք Ձեր ելույթներում բազմիցս եք նշել, որ Հայաստանի Հանրապետությունում բոլորը հավասար են օրենքի առջև: Սակայն ժամանակը գնում է, ու ոչինչ չի փոխվում, Ձեր խոսքերը մնում են լոկ խոսքեր:
Պարոն նախագահ, այս իրավիճակի պահպանման դեպքում Ձեր ճառերը գործելու են միայն Ձեր դեմ, որակվելու են որպես Ձեր կողմից արված անկատար խոստումներ:
Երևի թե ժամանակն է հնչեցրած խոստումները կատարելու, օրենքի առաջ բոլորին հավասար նժարի վրա դնելու համար:
Գյումրին նախագահական ընտրություններում Ձեզանից հրաժարվեց, որովհետև Դուք ավելի վաղ հրաժարվել էիք նրանից:
Հաջորդ քայլը Ձերն է: Փոխեք իրավիճակը, սիրեցեք Գյումրին, ու նա կսիրի Ձեզ:
Դուք՝ որպես այս երկրի նախագահ, երդվել եք ծառայել ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի: Ուստի տեր կանգնեք Ձեր ժողովրդին, Ձեր երդմանը, և ժողովուրդը կդառնա Ձեզ համար ամենամեծ թիկունքն ու հենարանը:
Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ում իրավունքների և ազատությունների երաշխավորը հանդիսանում եք Դուք, հարգելով Ձեր լիազորությունների և իրավասությունների շրջանակը, պահանջում եմ հաստատակամություն դրսևորել Գյումրիում ստեղծված իրավիճակի շուրջ և համապատասխան միջոցառումներ ձեռարկել Գյումրին «կեղտից» մաքրելու գործում:
Հարգանքներով,
Լ.Գ.




