Հայաստանը աշխարհի բոլոր հայերի Հայրենիքն է, և մենք պարտք ունենք մեր երկրի առաջ:
Հայաստան եւ Արցախ մոտավորապես 35 հազար քառ.կմ է, որի ընդհամենը 1/6 մասն է բնակեցված: Հետեւապես, աշխարհի 10մլն հայության յուրաքանչյուր շնչին, նոր Հայաստան կաուցելու համար, բաժին կընկնի ընդամենը մի քանի քառ.մետր տարածություն: Ինչը, սակայն, անհնար ենք նկատում՝ առանց Հայրենիքում Սփյուռքի իրական ներկայության: Սփյուռքը իր բնօրրանում, տիրոջ իրավունքով, մասնակից պիտի լինի իր Հայրենիքի շենացմանն ու հզորացմանը՝ հավասարի իրավունքով մասնակցելով պետականակերտման բոլոր գործընթացներին: Հայտնի է, որ հայն իր տունն ու օջախը լքել է ոչ իր մեղքով, այլ վերջին 20 տարվա ապիրատ իշխանությունների անարդար ու անօրեն համակարգը չհանդուրժելու պարտադրանքով: Ուստի՝ Հայրենիքը պարտք ունի Սփյուռքի առաջ, Սփուռքն էլ՝ Հայրենիքի:
Արդ, բոլոր նրանք, ովքեր գիտակցում են, թե Հայաստանի ու Սփյուռքի ՄԻԱՍՆԱԿԱՆ ու համակարգված պայքարն է չարիքի դեմն առնելու միակ միջոցը, հրավիրում ենք սեփական լուման նվիրաբերել ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ նոր գաղափարի իրականացման վսեմ գործին: Մոռանա՛նք այլեւս մեզ պառակտող, մեր միասնության ջրբաժանը կերտող ռուսահայ, ֆրանսահայ, լիբանանահայ, ամերիկահայ, էլ չգիտեմ՝ ինչահայ, քրիստոնյա ու աթեիստ... բոլոր այս հնարովի ու բազմատեսակ վնասաբեր ձեւակերպումները: Մենք բոլորս մեր ՄԱՅՐ ՀՈՂԻ զավակներն ենք...: Մեր աչքի առաջ մեռնում է մեր երկիրը, մեր ուժասպառ ՀԱՅՐԵՆԻՔԸ հոգեվարքի մեջ է: Եւ փրկությունն անհնար է առանց ՍՓՅՈՒՌՔ-ՀԱՅՐԵՆԻՔ գաղափարական ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ, առանց գիտակից անհատների լուրջ գործակցության: Աշխարհասփյուռ հայության ու ՀԱՅՐԵՆԻՔԻ միասնական գաղափարական կազմակերպումը, ՍԵՐՆ ու բորբոքուն ՈԳԻՆ կարող են կենդանություն տալ մեր մարմնավոր ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, սրբել խաչի հանված ժողովրդի արյունն ու արցունքը, հայ ցեղին վերադարձնել նախկին կորովը, խրոխտ ապրելակերպն ու ազնվական նկարագիրը: Վանե՛նք մեզանից անմիտ հուսահատությունն ու ՍՓՅՈՒՌՔ - ՀԱՅՐԵՆԻՔ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ խորհուրդը դարձնենք այն միակ կռվանը, որով կարող ենք կերտել աշխարհասփյուռ հայության միակ հանգրվան, մեզ բոլորիս պաշտելի Հայրենիք Հոգեւոր ՀԱՅԱՍՏԱՆԸ:



