ԳԱԼԱ-ի նկարահանող խումբը քիչ առաջ է վերադարձել Գյումրու Շիրակացի փողոցից, ուր ժամեր առաջ հնչել են կրակոցներ: Դեպքը տեղի է ունեցել «Արագած» խանութի մոտակայքում՝ Գյումրու կենտրոնական թաղամասերից մեկում: Ինչպես պատմել են ականատեսները, ուղիղ 20 րոպե Գյումրու կենտրոնում կրակել են. «Կրակում էին Քավոր Հարութի տան ուղղությամբ այնքան ժամանակ, մինչեւ որ Հարութը դուրս եկավ տանից, նա զանգահարել, տեղյակ էր պահել նաեւ Շեկոյին: Նրանց վրա կրակելուց հետո հեռացան, որից հետո եկան ոստիկանները»,- պատմել են բնակիչները: 


«Արագած» խանութում աշխատող գործակատարները եւս ԳԱԼԱ-ի լրագրողին պատմել են, որ նրանք կրակոցներ լսել են: Ոստիկանության աշխատակիցների կողմից խանութի աշխատակիցներին ու թաղի բնակիչներին տարել են ՀՀ ոստիկանության Գյումրու քննչական բաժին՝ հարցաքննության:

Դեպքի վայրում ոստիկանության աշխատակիցները զննություն իրականացնելու ժամանակ հայտնաբերել են կրակված չորս պարկուճներ, որոնք տարել են ուսումնասիրման: 
Նշենք, որ ԳԱԼԱ-ի տեսախցիկը ֆիքսել է նաեւ «Արագած» խանութի մուտքի մոտ տեղադրված տեսախցիկը, որը այդ պահին, հավանաբար, ֆիքսել է խանութի հարեւանությամբ կատարվածը:

Հիշեցնենք, որ այսօր Գյումրու կենտրոնական թաղամասերից մեկում՝ Շիրակացիում, ժամը 13.00-ի սահմաններում հնչած կրակոցներից հետո Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով Գյումրիի բժշկական կենտրոն են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել է:

Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ` հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել