Քիչ կողք եմ քաշվում, որ իմ մեծ ցավի, թուրքի ժամանակ իր երկու ամսական` բարուրի էրեխուն ջուրը գցած Զարոյիս, որն այդպես էլ խելքի չեկավ ջրի, իր հետեւից վազող թուրքի ու գետի հոսքով հեռացող իր բարուրի էրեխու հուշից, էդ ցավը լցրեց մեր` իր թոռ ու ծոռների ողնաշարը, քարացած արցուքների հանգով, ու հիմա Զարո տատուս խնդրում եմ` տատ, էն կողմ գնա, որ էսօրվա մեջ պատմեմ, տեղ տամ նաեւ դեռ շարունակվող բոլոր կարգի ցեղասպանությունների, բոլոր կարգի ազգային-էնթիկ հողի վրա զոհաբերված գառներին, «բարուրներին»:
Էս դեպքում իրաքյան եզդիներին: Որոնց նկատմամբ էթնիկ սպանդն սկսվել ու շարունակվում է արդեն քանի տարի, վասն…. նավթ: 
Իր ինքնությունը պահելու, սեփական դիմագիծին հավատարիմ մնալու, Ղուրանի վրա չերդվելու համար հազարավոր եզդիներ մորթվում, արտագաղթում են` ճամփեքին թողնելով իրենց բարուրի էրեխեքին, տա՛տ: 
Զարո տատ, դու նրանց տեսնում ես չէ՞ վերեւից: 
Տատ, ինչո՞ւ մեր ցեղասպանությունը, մեր ցավը չի կարողանում, զորու չի գտնվում կանգնեցնել այլոցը, տա՛տ, մի՞թե այդքան խոր ու դաժան է մարդու ագահ հոգին:
Նրանք լքում են իրենց հող-հայրենին, տատ, ինչպես դուք` ձեր Դերջանը: Վերջին ծիր, վերջին ապաստան` Իրաքը: Հյուսիսային Քուրդստանը: Ուր ոչ մեկ են. նույնիսկ դատարանում, ուր անգամ վկա լինել չեն կարող: Այլ միայն «հանցագործ»: Վկա լինելու համար, տատ, պետք է դավանափոխ լինեն: Եթե ցանկանում են աշխատանք ունենալ, պետք է քուրդ գրեն, տատ, իրենց բարուրի էրեխեքին: Տա՛տ:

Հ.Գ.Ձեռագիրը չի փոխվում: Դեռ հեռու է մինչեւ մարդը իր ճամփան: Սպանդով, ահաբեկչությամբ, արյունով փորձում են տեր կանգնել եզդիների նավթոտ, բերրի հողերին: 
Ծանո՜թ, հի՜ն պատմություն: Բերանն արնոտ մարդակերի մասին: 
Այդպիսին է մեծ քաղաքականությունը: Դաժան, անողոք:
Հ.Գ. Բայց եւ` լույսով լի:
Ասում են` Հայաստանը միակ տարածքն է, ուր գործում է շատից-քիչից կազմակերպված եզդիական համայնքը: 
Մենք մեր ցավի միջից օրհնում ենք ձեզ, սիրելիներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել