Դեռեւս տրանսֆերային շշուկների ժամանակ, երբ խոսվում էր Մխիթարյանի՝ «Յունայթեդ» տեղափոխության մասին, կարծիք էի հնչեցրել, որ ընտրությունը սխալ կլինի, քանի որ Հենոն չի կարողանալու հարմարվել անգլիական ֆուտբոլին, որտեղ արագաուժայինն է գերակշռում: Մխիթարյանն ավելի շատ տեխնիկապես հագեցած ֆուտբոլի համար է: Բացի այդ՝ հատուկ ընդգծել էի Մոուրինյոյի գործոնը: Շատ եղան քննադատություններն՝ ուղղված ինձ: Հիմա պարզվում է, որ ճիշտ էի: Դեռեւս «Յունայթեդի» տարբերակից առաջ էի նշել, որ ավելի կատարյալ տարբերակ կլիներ, եթե Հենոն տեղափոխվեր Իտալիա: Հաշվի առնելով ներկայումս տեղի ունեցող զարգացումները, իտալական Ինտերի կողմից ցուցաբերվող հետաքրքրությունը՝ պարզվում է, որ կրկին ճիշտ եմ եղել: Այժմ նաեւ տեղեկություններ կան, որ Մխիթարյանին ձեռք բերելու գլխավոր հավակնորդները նույն «Ինտերն», ինչպես նաեւ Իտալիայի գործող չեմպիոն «Յուվենտուսն» են: Փոքր-ինչ հակված եմ այն մտքին, որ «Յուվեն» կհրաժարվի Մխիթարյանին ձեռք բերելու մտքից (եթե, իհարկե, ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում չբաժանվի կիսապաշտպանության օղակի մեկ-երկու ֆուտբոլիստներից, ինչը քիչ հավանական է): Մնում է «Ինտերը», որը նույնպես լավ տարբերակ է Հենոյի համար: Եթե Մխիթարյանը տեղափոխվի Իտալիա, ապա գրեթե վստահ եմ, որ կրկին տեսնելու ենք մեր այն ֆուտբոլիստին, ով փայլում էր Շախտյորում եւ Բորուսիայում: Գոնե այս անգամ Հենոն ճիշտ ընտրություն կատարի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել