Նախօրեին տեղի ունեցավ մի միջադեպ, որին կարելի է դասել տարօրինակների շարքը. ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց դադարեցնել մի գնման պայմանագիր, որով նախատեսվում էր վերացնել Սյունիքում Մ-2 Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու 379+200 կմ երկարությամբ հատվածում Արաքս գետի ափի շուրջ 40 մ երկարությամբ հատվածի վթարը:
Վթարի վերացման աշխատանքների կատարման համար ընտրված կապալառու ընկերությունը հասցրել է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել, սակայն ջրտնտպետկոմը կառավարությանն առաջարկում է դադարեցնել պայմանագիրը, «քանի որ վերոնշյալ հատվածը Արաքս գետով սահմանակից է Իրանի, և մեր ափամերձ տարածքները հսկվում են ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից»: Ռուսական զորամասը համաձայնություն չի տվել:
Ստացվում է այնպես, որ Հայաստանում ծառայող ՌԴ զինուժն ավելի հզոր է, քան ողջ կառավարությո՞ւնը: Տրամաբանական է, որ ռուսներին չի հետաքրքրում՝ կհեղեղվի Հայաստանի մեկ կամ, ասենք, հարյուր մեկ գյուղ, թե 1 կամ 100001 գյուղացի կմնա առանց բերքի ու եկամտի, թե Հայաստանի գյուղերն ու գյուղատնտեսությունը չեն զարգանա:
Ջրտնտպետկոմի նախագահ Արսեն Հարությունյանի խոսքով՝ այս հարցի շուրջ ռուսական կողմը ՀՀ հետ միասին բանակցություններ է վարում իրանական կողմի հետ: Հարությունյանը նշել է, որ վրիպակ է եղել: «Ռուսական սահմանապահների հետ մենք բանակցում ենք իրանական կողմի հետ, եթե իրանական կողմը համաձայնություն չի տալիս, նշանակում է, որ թելը կտրվում է: Մենք ռուսական կողմի հետ որևէ խնդիր չունենք»,- ասել է նա:
Հետաքրքրականն այն է, թե կառավարության ռելիզ կազմող անձինք ինչքա՞ն շփոթված կամ հուզված պետք է եղած լինեն, որ չտարբերեին ռուսական սահմանապահներին իրանցիներից: Այս ամենին գումարած՝ վերոնշյալ կոմիտեի հիմնավորումները հակասում են միմյանց: Իրականում հարց է առաջանում՝ որն է այն տրամաբանությունը, որ հարցը գցվում է իրանական կողմի վրա: Հետաքրքիր է նաև այն, որ կառավարության նիստում այս հարցը դասված էր «չզեկուցվող» հարցերի շարքին, սակայն, ինչպես տեսանք, այն զերծ չմնաց քննադատությունից:
Հայ պաշտոնատարները պարբերաբար սիրում են կրկնել, որ հայ-իրանական տնտեսական հարաբերությունները հետ են մնում քաղաքական սերտ հարաբերություններից՝ երբեմն նույնիսկ ակնարկելով Իրանի «թերացումը»: Բայց սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Հայաստանն էներգետիկ կարողությունները հանձնում է Ռուսաստանին (առաջինը հայ-իրանական գազատարն էր, երկրորդը՝ Մեղրիի ու Ագարակի ցանցը):
Ինչպե՞ս և ինչո՞ւ պետք է Իրանը հարաբերություններ կառուցի Հայաստանի հետ, եթե իր ծախսած փողը կամ կառուցած ցանցերը դառնալու են մեկ այլ պետության սեփականություն:
Եթե առաջին որոշման դեպքում կարելի է վերապահումներ անել, մասնավորապես՝ Գազպրոմի հետ պայմանագրով, ըստ որի՝ Հայաստանը պարտավորվել է չանել որևէ բան, որը հակասում է Գազպրոմի շահերին, ապա երկրորդ որոշումը պարզապես անբացատրելի է, որքան էլ որ հիմնավորումներ բերվեն: Ստացվում է, որ Հայաստանը չի տնօրինում իր տարածքը:
Ժամանակին մեծ աղմուկ հանեց ռուսական ՖՍԲ-ի մի հաղորդագրություն, ըստ որի՝ Իրանի սահմանին վարժանքներ են եղել ահաբեկությունը և ներթափանցումը կանխելու թեմայով: Չի բացառվում, որ մի գեղեցիկ օր էլ ռուս սահմանապահներն ընդհանրապես փակեն Իրանի հետ սահմանը, որի համար առիթ միշտ էլ կգտնվի՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքի իրավիճակը:
Այն, որ ՌԴ սահմանապահ զորամասը ՀՀ պետական կառույցին թույլ չի տվել շինաշխատանքներ կատարել, անվիճելի է, և դա փաստում է նաև կառավարության նիստում ներառված հիմնավորումը:
Հ.գ. Եթե ՀՀ իշխանությունը տեղեկություն ունենա, որ թուրքերն անցել են Արաքսն ու մեր տարածքում տներ կամ գոմեր են կառուցում, ու կառավարությունը որոշի կանխել, դրա համար փող տա, իսկ ռուս զինվորն էլի թույլ չտա տարածք մտնել, էլի պիտի դադարեցնե՞նք աշխատանքը: