Երեկ՝ 22.04.2013թ., սովորականի պես գնում էի անգլերենի պարապմունքի: 46 համարի երթուղայինն էի նստել: Ինչպես գիտեք, աղանդավորները իրենց քարոզչությունը անելու համար թակում են տարբեր դռներ ու ասում.
-Եհովային հավատու՞մ եք:
Սա բոլորս էլ գիտենք: Իսկ թե ինչ կապ ունի իմ պարապմունքի գնալու և 46 համարի երթուղայինի հետ՝ հիմա ասեմ: Չգիտեմ՝ սա նո՞ր մեթոդ է, թե՞ չէ, բայց այսօր երթուղայինում զոմբի տեսա: Փակագծերը բացեմ: Ուրեմն էս Եհովայի վկաները քարոզչություն անելու նոր և ավելի հզոր ծրագիր են մշակել՝ Եհովա, երթուղային ու ամսագիր օպերացիա: Հիմա քայլ առ քայլ նկարագրեմ, թե այս ծրագիրը ինչպես է ընթանում: Այս արարածները նախ ընտրում են օբյեկտը՝ տվյալ դեպքում երթուղայինը: Այնուհետև հարմար դիրքավորվում են՝ ավելի հարմար է երթուղայինի վերջին նստարանները: Հանգիստ սպասում են զոհին: Նշեմ, որ իրենց մոտ պահում են զենքեր՝ ամսագրեր իրենց մասին, տարբեր նյութեր, որոնք վերաբերվում են Եհովային և այլ զարմանահրաշ պատմություններ, որոնք կարող են իրենց գունազարդությամբ և հետաքրքիր հարցադրումներով (օրինակ՝ Ո՞վ է աստված) գրավել մեր փոքրիկ կարմիր սիրտը: Անդրադառնանք կրոնական որսորդությանը: Երբ արդեն զոհը նստում է իրենց կողքին, սկսվում է ամենահետաքրքիրը՝ մերձեցումը: Նախ այս արարածները թույլ են տալիս, որպեսզի զոհը՝ տվյալ դեպքում խեղճ մահկանացուն, հարմարվի միջավայրին: Հինգ րոպեն էլ բավարար է, որ նրանք հարմարվեն միջավայրին: Այնուհետև տեղի է ունենում արյունալի հարձակումը, որից պաշտպանված չէ և ոչ մեկը: Որսորդը զենքը դեմ է տալիս զոհի աչքերին, որի վրա գրված է՝ «Դիտագիրք» (ամսագրի վրա գրվածը միգուցե այլ կերպ գրված լինի, բայց ես այդպես եմ հիշում): Եվ հարցնում.
-Կցանկանա՞ք:
Իսկ դուք ի՞նչ կպատասխանեք:



