Պետք է խոստովանեմ, որ ավագանու ընտրությունների քարոզարշավը իմ տեսած բոլոր ընտրությունների մեջ բացառիկ տեղ է զբաղեցնում իր անտաղանդ կազմակերպվածության և ներդրված ֆինանսական միջոցների ոչ ադեկվատ կոնտրաստի առումով:Երևի չեմ սխալվի, եթե ասեմ, որ մինչև ընտրությունների ավարտը քարոզարշավների ու կեղծիքների վրա ավելի շատ փող կծախսվի, քան խորհրդարանական ու նախագահական ընտրությունների քարոզարշավների ժամանակ, բայց ամենամեծ տարակուսանքն առաջացնում է այդ հարյուր հազարավոր դոլարների ֆոնին խայտառակ անկազմակերպ ու ցածրորակ քարոզչական աշխատանքը: Ընդ որում, այս առումով թերանում են վերից վար՝ քաղաքապետից մինչև բուկլետ փակցնող, ու այս երևույթն առկա է բոլոր առաջատար կուսակցությունների մոտ:Իսկ ամենազվարճալին այն է, որ այդքան փողեր մսխելով հանդերձ՝ հիմնական քարոզչական պայքարն անց են կացնում Ֆեյսբուքում, որը հաստատ կարելի էր մինիմալ գներով էլ կազմակերպել:Հարգելի պարոնայք քարոզիչներ, քարոզիչների սցենարիստներ ու մասսովկա, նախ՝ նման գործի մեջ մտնելուց գոնե սովորեք փիառ տեխնոլոգիաների հիմքերը, երկրորդը՝ բացի բակից բակ ընկնելուց ու Ֆեյսբուքով իրար հեռակա քրֆելուց, ձևի համար մի քանի անգամ հեռուստաբանավեճեր իրականացրեք, տափակ ու վերացական կենացատիպ ծրագրերի փոխարեն հստակ ծրագրեր ներկայացրեք, որտեղ մարդիկ գոնե մոտավոր կտեսնեն, թե դուք ինչ եք ուզում անել, ինչ փողերով, երբ և որտեղից եք այդ փողերը վերցնելու:Թե չէ զզվել արդեն կարելի է, այնպիսի տպավորություն է, որ Ֆեյսբուքը վեր է ածվել շուրջօրյա գործող ռազմադաշտի, որտեղ հիմնական կիրառվող զենքը ցեխն ու թարախն են: Ու ընդհանրապես, արդեն տարուց ավել ա ընտրությունների մեջ ենք, արդեն զզվել են բոլորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել