PanARMENIAN.Net-ը գրում է.
ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 14-ի նիստում հաստատել է «Տոների և հիշատակ օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է ոչ տոնական դարձնել հունվարի 3-ը, 4-ը և 5-ը։ Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հունիսի 1-ից:
«Սա նշանակում է, որ այս Նոր տարին կանցկացնենք՝ հաշվի առնելով, որ հաջորդ տարի տոնական օրերն ավելի քիչ են լինելու», - ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը
Նախագծի հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվում է որ ՀՀ-ում աշխատողն ունի տարեկան նվազագույնը 43 վճարվող հանգստյան օր՝ 28 արձակուրդային և 15 տոն օր։ Այնինչ ԱՄՆ-ում աշխատողներն ընդհանրապես չունեն արձակուրդ՝ չհաշված մոտ 10 տոն օրերը, Մեծ Բրիտանիայում ազգային տոները կարող են ներառվել ընդհանուր վճարվող արձակուրդի օրերի մեջ, Լեհաստանում վճարվող արձակուրդի օրերի ընդհանուր թիվը հասնում է 26-ի, Ավստրիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Լյուքսեմբուրգում և Շվեդիայում դրանք 25-ն են:
«Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը արդեն իսկ գերազանցում է շատ զարգացած և առավելևս զագրացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը», - ասվում է նախագծում։