Այն փաստը, որ համաշխարհային աշխարհաքաղաքական վեկտորներն ուղղված են Մեձավոր Արևելքում ընթացող գործընթացների վրա, փաստ է, և դժվար է չհամաձայնվել այն գաղափարի հետ, որ աշխարհի խոշոր խաղացողները դիրքավորվում են` տարբեր տարածաշրջանային հարցերում ցուցաբերելով որոշակի շահադիտական, բայց քողարկված նկրտումներ:
Անցնող շաբաթ համաշխարհային հանրության ուշադրության ծիրում ԱՄՆ-ի նախագահ Թրամփն էր, ով իր սենսացիոն հայտարարությամբ Իսրայելի մայրաքաղաք ճանաչեց Երուսաղեմը։ Այս շաբաթվա լրատվականների գլխամասում արդեն ՌԴ նախագահ Պուտինն էր, ով Սիրիայում հայտարարեց, որ ռուսական զորքերը հետ է քաշում մերձավորարևելյան տարածաշրջանից: Ուշադրություն դարձնենք, որ Պուտինի այս քայլը կատարվում է Թրամփի հանդեպ Մերձավոր Արևելքում դժգոհություն աճելու ֆոնին:
Սիրիայում ծառայություն մատուցած սպաների պարգևատրման արարողության ժամանակ Պուտինը հերքել է շրջանառվող ենթադրություններն այն մասին, որ Ռուսաստանը տարաձայնություններ ունի Դամասկոսի հետ: Նա շեշտել է, որ իրենք նախապատվությունը տալիս են հակամարտության բանակցային ճանապարհով լուծմանը, սակայն եթե Սիրիայում կրկին ռազմական գործողություններ սկսվեն, իրենք «բառացիորեն մի քանի ժամվա ընթացքում» այդ գործողությունների մասշտաբին համարժեք զորք կմտցնեն Սիրիա:
ՌԴ ղեկավարի այս հայտարարությունը շփոթեցրեց փորձագիտական շրջաններին, և շատերը ջանացին հասկանալ, թե իրականում ինչ է թաքնված բարձրաձայնվածի հետևում: Տրամաբանական է, որ գրեթե ոչ ոք չի հավատա, որ Կրեմլն իր փողերը քամուն էր տվեց, և ողջ աշխարհին հակադրվեց միայն այն պատճառով, որ փրկի Ասադի իխանությունը, հետո էլ խաղաղ հեռանում է տարածաշրջանից: Այն պնդումը, թե ԴԱԻՇ-ը Սիրիայում պարտվել է, այնքան էլ այդպես չէ. Թաքֆիրական խմբերը շարունակում են դիմադրություններ ցույց տալ Իդլիբում, Դեյր-Էզ-Զորում, անգամ Դամասկոսի ու Հալեպի նահանգներում: Ասադին դեռևս չի հաջողվել քրդերի ձեռքից հետ վերցնել գլխավոր նավթահանքերը, ասել է, թե` իրավիճակը կարող է սրվել ցանկացած ակնթարթի: Ստացվում է, որ Վլադիմիր Վլադիմիրովիչի խոսքերի տակ այլ ենթատեքստեր և պլաններ կան` կապված տարածաշրջանի առաջիկա գեոպոլիտիկ վերադասավորումների ֆոնին. եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն տարածաշրջանում շուրջ 35 տոկոսով ավելացրել է իր ռազմական կոնտինգենտը: Իրականում ռուսները ոչ մի տեղ էլ չեն հեռանում, սա ավելի շատ որոշ զորամիավորումների շարժ է հիշեցնում:
Պուտինն այս խորամանկ քայլով փորձում է հերթական անգամ Սիրայում ԱՄՆ ռազմական ներկայությանը ոչ լեգիտիմ կարգավիճակ հաղորդել նաև դրանով աշխարհին ցույց տալ, որ ռուսներն այստեղ են հայտնվել միայն Ասադի խնդրանքով և հակաահաբեկչական պայքարի շրջանակում, հնարավոր է` նաև տակտիկական խնդիր են հետապնդում` Սիրիայում դեռևս մնացած ահաբեկչական խմբավորումների ու քրդերի զգոնությունը թուլացնելու համար: Այս թեզն, իհարկե, հնարավոր է «նայիվ» թվալ, սակայն չի կարելի մոռանալ, որ նման դրվագներ նախկինում ևս եղել են. ռուսներն իրենց շարժի հետ կապված միտումնավոր ինչ-որ բան են հայտարարել, հետո՝ դրա հակառակն արել, և ահաբեկիչները հայտնվել են թակարդում (օրինակ՝ Աքերբատի դեպքերը ոչնչացվեցին ԻՊ-ի խոշորագույն ռազմաբազաներից մեկը):
Ամերիկյան պարբերականները տեղեկատվական արտահոսք են ներկայացրել, իբր Դոնալդ Թրամփն արդեն իսկ կոնկրետ պայմանավորվածության է հանգել Պուտինի հետ, և դրանով է պայմանավորված վերջինիս տարածաշրջանային բենեֆիսը: Եթե հետևեն ՌԴ նախագահի դամասկոսյան այցին հետևող գործընթացներին, ապա, ըստ երևույթին, Կահիրեում, ապա նաև Անկարայում քննարկել է այս հարցը ևս: Ըստ էության՝ ունենում ենք մի իրավիճակ, երբ Պուտինը հանդես է գալիս որպես Մերձավոր Արևելքի խաղաղարար՝ ի տարբերություն ԱՄՆ-ի, որը, Պուտինի պնդմամբ, նույնիսկ այս պահին է ապակայունացնում առանց այդ էլ խառը տարածաշրջանը` Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելով:
Հ.Գ. Սիրիայի քաղաքական կարգավորումը հիմա Պուտինի մերձավորարևելյան օրակարգի գլխավոր խնդիրն է։ Միայն դրանից հետո նա կկարողանա վերադարձնել պատերազմի ու Ասադի աջակցության վրա կատարված ֆինանսական ներդրումները։ Բացի բարոյաքաղաքական նշանակությունից ընտրություններից առաջ` դա նաև ֆինանսատնտեսական հարց է, որ ավելի բարձր գին ունի նրա համար, թեպետ այդ գինը չի բարձրաձայնվում։ ԱՄՆ-ն արդեն հայտարարել է, որ դեմ չէ Ասադի պաշտոնավարմանը մինչև նոր ընտրություններ։ Դա Պուտինի հետ բանակցությունների հող է ստեղծում` Սիրիայի հանքահումքային հարստությունների բաշխման և քրդերի հարցում։