Շատերը համարում են, որ մենք հիշողություններով, պատմությամբ ապրող ազգ ենք, մի հատ էլ ասում են՝ պետք ա առաջ նայել, դես-դեն։ Ասեմ ձեզ․ էմպիրիկ հակառակ եզրակացության եմ գալիս։ Գրեթե զրոյական հիշողություն ունեցող հասարակություն ենք դարձել։ Օրինակ՝ ուսանողներիս գերակշռող մասը (մեկ սեմեստրում ուսանողներիս թիվը քիչ չէ, մոտ 70) մարտի 1-ի մասին կա՛մ չգիտի, կա՛մ աղոտ ինչ-որ բաներ ա լսել։ Ու մնացած գրեթե ամեն ինչի մասին՝ բացի կոնկրետ դեպքերից, որոնք հաջող պատմությամբ են անցնում։
Ինչո՞ւ է այդպես։ Բարդ է ասել։ Իմ կարծիքով՝ նրանից է, որ արդի պատմությունը դպրոցում գրեթե չեն անցնում, առավել եւս՝ վերլուծում, քանի որ վախ կա շատերի մոտ։ Էսօր մեկի մասին կասես՝ հերոս ա, վաղն ընդդիմադիր կամ հանցագործ դուրս կգա, արի ու տակից դուրս արի։ Բացի դրանից՝ չունենք արդի գրականություն, որը հենց իրավիճակն է նկարագրում, որ ոչ գյուղական կյանքից է պատմում, ոչ էլ էքզիստենցիալ տվայտանքների, այլ հենց կյանքն ա ռեալ ներառում։ Ինչն էլ ունենք, շատ քիչ մարդ է ընթերցում։ Գրեթե չունենք ռոք խմբեր, որոնք «Փառփլի» քավր չեն անում, այլ ոնց եղել է, սիրահարականից բացի, լիքը սոցիալական հարցեր են առաջ տարել (ունենք, շատ լավերն ունենք, բայց քիչ են)։ Կարճ ասած՝ մեր ներկա եւ մոտակա անցյալը գրեթե չի քննարկվում եւ վերլուծվում, ապրում ենք մոտակա մի ամիս հետ, մի ամիս առաջ կյանքով։