Դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը պաշտոնապես ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք: 1948թ․-ի Իսրայելի ստեղծումից հետո ԱՄՆ-ն առաջին երկիրն է, որ նման որոշում է կայացնում: Իսրայելը Երուսաղեմը համարում է իր «միասնական և անքակտելի» մայրաքաղաքը:
Դեռևս 1995-ին ԱՄՆ Կոնգրեսը հատուկ որոշում էր ընդունել, որով պարտադիր կատարման էր հանձնվում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխումը: Որոշման մեջ նաև նշվում է, որ ԱՄՆ-ն կարող է երկարաձգել այդ որոշումը, ինչը և արվել է մինչև Թրամփի հայտարարությունը: Նրա նախորդներն այդ քայլը չէին անում տարածաշրջանն էլ ավելի չշիկացնելու պատճառաբանությամբ: Այս բոլոր թեզերը ԱՄՆ-ի 43-րդ նախագահը ջնջեց միանգամից` հայտարարելով, որ նախկին նախագահների այդ քաղաքականությունը որևէ գործնական օգուտ չի տվել` տարածաշրջանում խաղաղություն չի հաստատել: Մինչ Թրամփի հայտարարությունը տեսակետներ կային, որ նա, ինչպես իր նախորդները, հերթական անգամ կհետաձգի Թել Ավիվից Երուսաղեմ ԱՄՆ դեսպանատան փոխադրումը:
Երուսաղեմը, հատկապես արևելյան հատվածը, համարվում է երեք կրոնների` հուդդայականության, քրիստոնեության և իսլամի սրբավայր: Իսրայելն այդ հատվածը գրավել էր դեռևս 1967-ի վեցօրյա պատերազմի օրերին և քաղաքը համարում է իր տարածքի անբաժանելի մասը: Պաղեստինն իր հերթին Արևելյան Երուսաղեմը համարում է իր ապագա մայրաքաղաքը: 1993-ի Օսլոյի խաղաղության պայմանագրով քաղաքի կարգավիճակը պետք է քննարկվի խաղաղ բանակցությունների հաջորդ փուլում: Ընդգծենք, որ Երուսաղեմի վրա Իսրայելի իրավունքը միջազգայնորեն ճանաչված չէ: Դա է հիմնական պատճառը, որ բոլոր պետությունները, այդ թվում՝ և ԱՄՆ-ն, իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները տեղակայել են Թել Ավիվում: 67-ից այս կողմ Իսրայելը Երուսաղեմի արևելյան հատվածում տասնյակ հազարավոր բնակելի հատվածներ է կառուցել և բնակեցրել ավելի քան 200 հազար հրեաներով. ներկայումս այնտեղ բնակվում է 850 հազար մարդ` 65 տոկոսը հրեա, 32 տոկոսը՝ մահմեդական:
Թրամփի` Իսրայելի համար պատմական որոշումը, բողոքի ակցիաների ու համընդհանուր զայրույթի առիթ տվեց ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև աշխարհում:
Արաբական պետությունների լիգիան, Լիբանանի, Հորդանանի, Եգիպտոսի ղեկավարները նախազգուշացրել են որոշման հետևանքների մասին: Հորդանանը, որը վերահսկում է Երուսաղեմի իսլամական սրբավայրերը, հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահի գործողությունները հնարավոր է՝ անդառնալի հետևանքներ ունենան տարածաշրջանի անվտանգության և կայունության վրա: Արաբական լիգայի ղեկավար Ահմեդ Աբուլ Գեյթը հայտարարել է, որ ԱՄՆ-ի այդ քայլը նպաստում է ֆանատիզմի ու դաժանության աճին: ՀԱՄԱՍ-ում հայտարարել է, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը բացում է «դժոխքի դարպասները»:
Վաշինգտոնի նման վարքագծին բավական կոշտ են արձագանքել նաև Մեծ Մերձավոր Արևելքի մյուս երկու մեծ պետությունները. Էրդողանն ու Հասան Ռոհանին հեռախոսազրույց են ունեցել Դ. Թրամփի հետ և խստիվ դատապարտել նրան` քայլն անվանելով «անօրինական և ապակայունացնող»:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ներկայացնելով հարցի վերաբերյալ ռուսական կողմի դիրքորոշումը, նշել է, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը չի նպաստում մերձավորարևելյան տարածաշրջանում տիրող իրավիճակի կարգավորմանը:
Տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ն ներգրավված է պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ բանակցություններում: Թրամփի վարչակազմը հիմա աշխատում է խաղաղության համաձայնագրի նոր նախագծի վրա: Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելով` Վաշինգտոնը խաչ քաշեց պաղեստինցիների վստահության վրա:
Թրամփի քայլն ունի իր տրամաբանությունը: Դրանով պարզ է դառնում, որ Իսրայելն այլևս չի ընդունելու Արլ. Երուսաղեմի հարցը որպես բանակցությունների առարկա, քանի որ այդ հարցում ունի ԱՄՆ-ի լուրջ աջակցությունը: Այս գործողությունը բավականին նման է Աբխազիայի և Հվ. Օսեթիայի միակողմանի ճանաչմանը ՌԴ կողմից: Երկու դեպքում էլ խնդիրը որոշակի ժամանակահատվածով սառեցվում է, սակայն հետագայում այն հնարավոր է՝ առաջացնի տարածաշրջանային լուրջ պայթյուն:
Ունենք հետևյալ իրավիճակը. Թրամփը փոխեց տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ի` տարածաշրջանային խաղաղության պահպանման քաղաքական կուրսը:
Հ.գ. Ի պատասխան Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ որոշման՝ Պաղեստինի ազգային վարչակազմը հայտարարել է, որ Տեխասը ճանաչում է Մեքսիկայի մաս, քանի որ այն ԱՄՆ-ն բռնակցել է 1840-ական թթ.: