ՊՆ մամլո խոսնակ

Ամեն տարի, երբ մոտենում է ապրիլի 24-ը, և մեր երիտասարդությունը նման կոչեր է անում՝ երթեր, խոսքեր չմոռանալու մասին, նկարներն է փոխում Ֆեյսբուքում և այլն, ես լիովին հասկանում եմ իրենց, ինչ-որ պահ նույնիսկ ուրախանում, որ նման պահանջատեր սերունդ է մեծանում: Բայց մի կողմից էլ զայրանում եմ, ուզում ուղղորդում տալ, ասել, որ... Ավելի լավ է ներկայացնեմ 2004թ. նույն օրը օրագրումս կատարած գրառումը: 

Մեր անցյալը վերաիմաստավորելու ևս մեկ օր

Ամեն տարի` ապրիլի 24-ին, ցանկացած հայորդու նման ես նույնպես վերցնում եմ ծաղիկների մի փունջ և հանդարտ մաղող անձրևի տակ քայլերս ուղղում դեպի Ծիծեռնակաբերդ: Հարգանքի այդ մի քանի հարյուր քայլերը լուռ անցնելով` մտովի փորձում եմ վերապրել պատմական այդ ժամանակահատվածը, տեղի ունեցածը և առհասարակ երևույթը: Ցավագին այս հարցը շատերին է հուզել և հուզում է մինչև օրս: Հայ ժողովրդի անասելի դժբախտությունն աշխարհում օրեցօր ավելի արդիական թեմա է դարձել: Անցած 90 տարիները բավական են կատարվածը լիարժեք ընկալելու համար: Եղեռնի զոհերին հիշելուց զատ` փորձենք հասկանալ, թե արդյո՞ք ոչինչ հնարավոր չէր ձեռնարկել մարդկային այդաստիճան զոհեր չտալու համար: Մեզ` հայերիս, հատուկ է սեփական դժբախտության մեջ ուրիշներին մեղադրել և ոչ սեփական բախտը տնօրինել չսիրող ազգին: 
Այո’, չերկնչենք ասել, որ մենք ենք մեղավորը, որ մեզ մեր տան շեմին մորթել են: Վերստին պիտի նշեմ, որ ամեն ազգ իր ճակատագրի տնօրենն է: Անհերքելի է, որ հայ ազգը շատ է տառապել օտար նվաճողների լծի տակ, որոնցից ամենադաժանը թերևս եղավ Օսմանյան կայսրությունը, որն էլ իր ցեղին հատուկ բորենային ոգեկոչմամբ իրականացրեց մարդկության կողմից մինչ այդ չտեսած դաժանությունը: 
Սակայն, իմ շա’տ սիրելի հայրենակիցներ, եկեք ձեզանից շատերի հետ չհամաձայնեմ, որ հայ ժողովուրդը չէր կարող պայքարել: Ինչպես միշտ, այդ ժամանակ էլ ազգի նվիրյալները, որոնք կազմում էին մի ստվար զանգված, պայքարում էին և ոչ այնքան անարդյունավետ: Այդ ազգամորթման ամոթալի իրականությունը մեզ` այսօրվա սերնդիս համար այնքան էլ դուրեկան չէ: 
Ողջ աշխարհին աղաչիր, որ ճանաչեն քո դժբախտությունը: Ուժեղները չեն աղաչում, իսկ եթե ուժեղ լինեինք, մեզ չէին մորթի: 
Արևմտյան Հայաստանի ցանկացած գավառում ցեղասպանության իրականացման ժամանակ, եթե կազմակերպվում էր քիչ թե շատ ուժեղ ինքնապաշտպանություն, ապա նման մեծ զոհեր չէին ստացվում: Այսինքն՝ եթե հայ ռամիկը զենք էր վերցնում ձեռքը, ապա թուրքի զորքը չէր կարողանում նրա ընտանիքը մորթել ու բռնաբարել: Հարկավոր է վերլուծել այս բարդ երևույթը: Բոլոր ժամանակների ամենահայը` Գարեգին Նժդեհը, ասել է, որ հայի մեջ ապրում է օտարամոլ մուրացկանը, որ միշտ ապավինում է օտարներին և ոչ սեփական ցեղային հոգեկերտվածք ունեցող դյուցազուններին, ովքեր կերտում են սեփական պատմություն: Միայն նրանք են, որ տասով մահուն ընդառաջ գնալու քաջությամբ հաղթում են հազարին:
Այո’, մենք խաղաղասեր ենք, այո’, մենք բարի ենք, երիցս այո’, մենք գիրն ենք պաշտում բոլոր առաքինություններից առավել, սակայն ճիշտ ժամանակն է խոստովանել, որ այդ ամենից առաջ անհրաժեշտ է զենք պաշտել և զորական ուսմունք: Եվ եթե հայ տղան մանկուց փափագեր զենք կրել ու հանուն ազգի զինվորագրվեր, ապա մենք անբառաչ գառների հոտի նման կերակուր չէինք դառնա օսմանցու ոհմակին: 
Ոչ մի մեծ իրադարձություն չի կարող միանգամից ծագել առանց նախապատմության: Հնարավոր չէր, որ երիտթուրքերն իրենց գործողություններով զգացնել չտային այդ ամենը, և եթե անգամ նրանք չմատնեին իրենց իրական առաքելությունը, ապա բազմամյա պատմությունը բավական պիտի լիներ, որ մեր ազգի երևելիները հայի վառոդը միշտ չոր պահեին: 
Այստեղ կարող է լինել միայն մեկ բացատրություն` հայը նորից ու նորից հավատում էր եվրոպացուն կամ ամերիկացուն` այն դիմակավոր դերասաններին, ովքեր այլ ազգերի դիակների վրա կառուցում են իրենց հզորությունն ու բարեկեցությունը: Իսկ մարդասիրական ատոմային ռումբերն ու համամարդկային արժեքները լավ քողարկված ծրագրեր են մեզ նման փոքր ու միամիտ ազգերին ծուղակը գցելու համար: 
Մարդկության չափ հին ու պարզ է այս ճշմարտությունը: Անցնող 90 տարիները բավական են այս ամենը հասկանալու համար: Եվ այն ազգը, որը դա չի հասկացել, ստիպված է կրկին ու կրկին անգամ կորուստներ տալ: 
Ահա, թե ինչ է հարկավոր սերմանել այն գալիք սերնդին, ով իրավունք չունի մոռանալ այդ անմեղ զոհերին և այն հողերը, որոնք դեռ չարագործների ձեռքին են: Եվ այն ազգը, որ այս ամենը ճիշտ կմատուցի իր նոր սերնդին, այն ազգը, որը պատրաստ կլինի անցնել հոգեկերտվածքի հեղաշրջման բոցերի միջով, կարող է հետ շրջել պատմության անիվը: 
Ահա թե ինչ եմ ես մտածում ամեն տարի` ապրիլի 24-ին` անձրևի տակ հանդարտ քայլերս ուղղելով դեպի Եղեռնի հուշահամալիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել