PanARMENIAN.Net-ը գրում է.

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (ՃՄՀԳ) ՀՀ-ում սեյսմիկ ռիսկերի գնահատման և կառավարման մասին ծավալուն հաշվետվություն է կազմել, որտեղ դիտարկվել է Երևան քաղաքում և Գառնիում ուժգին երկրաշարժի երկու սցենար, ինչպես նաև ներկայացվել են աղետի հետևանքով մարդկային և նյութական կորուստների կանխատեսումներ:

Համաձայն սցենարների՝ Երևանում կամ մերձակայքում 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում զոհերի քանակը գնահատվում է 11.200-31.800 մարդ, վիրավորներինը՝ 31.100 մարդ: Վատագույն սցենարի դեպքում Երևանում զոհերի քանակը կարող է հասնել մինչև 85.400 մարդ:

Հնարավոր երկրաշարժի դեպքում ամբողջությամ կփուլզվի կամ ծանր վնաս կկրի բազմահարկ շենքերի 20%-ը կամ 860 բնակելի շենք, սեփական տների՝ 33%-ը կամ 13.870 սեփական տուն: Վատագույն սցենարի դեպքում Երևանում կփլուզվի 2000 բազմահարկ բնակելի շենք:

Կառավարության «Ուժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ բնակչության պաշտպանության կազմակերպման» պլանի համաձայն՝ 7 բալանոց երկրաշարժի դեպքում ավերածությունների և մարդկային կորուստների կանխատեսումներն ավելի վատատեսական են: Դրանց համաձայն՝ Երևանում ավերիչ երկրաշարժի ազդեցության գոտում կհայտնվի 34.845 շենք և շինություն, որոնցում բնակվում է 1,107 մլն մարդ: Զոհերի քանակակը կկազմի 162.243 մարդ, ծանր վիրավորների՝ 77.983, միջին ծանրության վիրավորներինը՝ 41.834 մարդ:

ՃՄՀԳ-ի հաշվետվության մեջ մանրամասնորեն նկարագրված են խմելու ջրի, սննդի և առաջին անհրաժեշտության պարագաների տրամադրման գործողությունները, ինչպես նաև արտակարգ իրավիճակի դեպքում բնակիչների գործողությունները քայլ առ քայլ. 1-ին՝ կրակմարիչների և հակահրդեհային պարզագույն միջոցների ձեռք բերում, 2-րդ՝ սննդի, խմելու ջրի և առաջին անհրաժեշտության պարագաների (դյուրակիր ռադիոն պարտադիր) պահեստավորում առնվազն 3 օրվա հաշվարկով, 3-րդ՝ ընտանիքի անդամների միջև պարտականությունների և անելիքների հստակ բաշխում, տարահանման երթուղիների և ընտանիքի անդամների հավաքի վայրի որոշում, 4-րդ՝ ակտիվ մասնակցություն վարժանքներին, և 5-րդ՝ շենքի համատիրության կամ այլ միավորումներին տեղեկատվության հաղորդում ընտանիքում առանձնահատուկ մոտեցում պահանջող անդամների վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել