![]() |
| Քաղաքական մեկնաբան |
ԱՄՆ պետքարտուղարությունը նախօրեին հրապարակել է մարդու իրավունքների վերաբերյալ հերթական զեկույցը: Հայաստանի ու մեր հարևան երկրների մասով բավականին հետաքրքիր փաստեր կան, սակայն այս նյութում կփորձենք անդրադառնալ զեկույցի՝ զինված ուժերին վերաբերող հատվածի ուշագրավ դրույթներին՝ Հայաստանի ու Ադրբեջանի մասով:
«Կյանքից կամայական կամ ապօրինի զրկելը» վերնագրի ներքո կարդում ենք, որ «ՀՀ բանակում խաղաղ պայմաններում զոհերը նախկինի պես խնդրահարույց են: Զեկույցի համաձայն` 2012 թվականին բանակում ոչ մարտական պայմաններում մահվան 18 դեպք է գրանցվել» (2011 թվականին ոչ մարտական պայմաններում մահացել էր 15 մարդ):
Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ ԶՈՒ-ում մահացության դեպքերը տարեցտարի նվազում են, բանակում տարբեր հանգամանքներում մահվան դեպքերը մոտ 3 տասնյակի են հասնում, ինչն անշուշտ մտահոգության տեղիք է տալիս:
Զեկույցում նաև ֆիքսվում է, որ «կոռուպցիային ու հրամանատարների ոչ հաշվետու պահվածքին լրացնելու են գալիս դաժան վերաբերմունքն ու ոչ մարտական վնասվածքները»:
Նույն զեկույցի ադրբեջանական բանակին վերաբերող հատվածում նշվում է, որ իրավապաշտպան կազմակերպությունների փոխանցմամբ, ադրբեջանական բանակում, ոչ մարտական պայմաններում, կորուստների թիվը 77-ի է հասնում, ինչը 4.3 անգամ բարձր է ՀՀ ԶՈՒ-ում գրանցված ցուցանիշից:
Ընդ որում, զոհերի թիվն Ադրբեջանում առնվազն 97 է, ինչը մոտ 3 անգամ բարձր է հայկական բանակում գրանցված ցուցանիշից:
Մեկ առանձնահատություն ևս. զեկույցում նշվում է, որ ըստ տեղական դիտորդների՝ ադրբեջանական բանակում ճնշումները և չարաշահումները շարունակվում են, այդ թվում` ֆիզիկական և սեռական ոտնձգությունների տեսքով:
Այն, ինչ կատարվում է ադրբեջանական բանակում, մի կողմից հետաքրքիր է՝ հակառակորդին ավելի լավ ճանաչելու տեսանկյունից, սակայն մյուս կողմից՝ նպատակահարմար չէ համեմատվել Ադրբեջանի հետ:
Փաստ է, որ մեր բանակում տեսանելի են արատավոր երևույթներ, որոնք պետք է մեկընդմիշտ արմատախիլ անել՝ կոռուպցիոն ռիսկեր, ֆիզիկական բռնություն, խաղաղ պայմաններում գրանցվող կորուստներ:
Որքան էլ տարեցտարի որոշ հարցերում էական առաջընթաց նկատվի, մեզանում բանակի դերն այնպիսին է, որ ցանկացած դեպքում հասարակության սպասելիքները բավականին բարձր են, ինչն անշուշտ տրամանաբական է:
Վերջին տարիներին, տարաբնույթ գործերի շրջանակներում, բանակից բազմաթիվ գեներալներ, բարձրաստիճան զինվորականներ են հեռացվել, ինչը հիմք է արատավոր երևույթների դեմ արմատական պայքար համարելու, սակայն ոչ երբեք երաշխավորված արդյունք ակնկալելու մասին: Միայն հետևողական ու շարունակական աշխատանքի միջոցով է հնարավոր ապահովել այնպիսի արդյունք, ինչը մեծ առումով, կբավարարի հասարակության սպասելիքները:




