Երեկ «Շանթի» «Կիրակնօրյա հորիզոնը» ցուցադրում էր ռեպորտաժ 27-ամյա երիտասարդի ընտանիքի մասին, ով օրերս մահացել էր հիվանդանոցում` ցավազրկող միջոցից ստացած ալերգիայի հետևանքով: Իհարկե, ընտանիքը մեղադրում էր բժշկին, պնդում, որ նա թերացել է մասնագիտական պարտականությունների մեջ, որ հիվանդին պատշաճ ուշադրություն չի ցուցադրվել: Չեմ ուզում այժմ արդարացնել կամ մեղադրել կողմերից և ոչ մեկին, քանի որ գնում է հետաքննություն, և հուսանք, որ արդարությունը կվերականգնվի: Ու ցավով պետք է նշեմ, որ մի կողմից ունենք որբացած երեխաներ ու որդեկորույս մայր, իսկ մյուս կողմից` պատերազմի բովով անցած հերոս բժիշկ, ում մասնագիտական պատրաստվածության մասին թե՛ գործընկերները, թե՛ նախկին հիվանդները խոսում են միայն դրվատանքով:
Սակայն դիտելով ռեպորտաժը՝ անհնար է չնկատել ևս մեկ փաստ, որը, միգուցե, կապ չունի այս դեպքի հետ կամ էլ հենց գլխավոր «մեղավորն է»: Նյութի հենց սկզբում, երբ լրագրողները նկարահանումներ էին կատարում Մասիսի հիվանդանոցում, կարելի էր տեսնել կադրեր, որոնք լավագույնս ներկայացնում էին բուժհաստատության, նուրբ ասած, անմխիթար վիճակը` կիսախարխուլ, քանդված պատեր, նախապատմական գույք, մռայլ և անշուք միջանցք ու սենյակներ, և այս ամենը Հայաստանի Հանրապետությունում` 21-րդ դարում: Այնուհետև կադրերը փոխվում են, որտեղ լրագրողը զրուցում է առողջապահության նախարարության աշխատակցի հետ, ենթադրաբար հենց առողջապահության նախարարության շենքում: Ու ի՞նչ ենք տեսնում` գերժամանակակից, վերանորոգված, մաքուր, գեղեցիկ սրահ` վստահ եմ՝ հագեցած նորագույն տեխնիկայով, հարմարեցված նախարարի ու իր աշխատակիցների փափկասուն կենցաղին: Այնպիսի տպավորություն է, որ ռեպորտաժը պատրաստվել է երկու տարբեր` իրարից լուսային տարիներով հեռու մոլորակներում և ոչ թե իրարից ընդամենը հաշված կիլոմետրերով հեռու քաղաքներում:
Եվ հենց էստեղ առաջանում է հարցերի հարցը, արդյո՞ք առավել անպաշտպան չէ հենց այն բուժաշխատողը, ով, գլխում մտմտալով «Հիպոկրատի երդումը», փորձում է հենց նույն` Հիպոկրատի ժամանակներից ժառանգություն մնացած շենքում ձեռքի տակ եղած նախասովետական միջոցներով բուժել 21-րդ դարի հիվանդին ու հիվանդությունները: Արդյո՞ք մեղք չէ հիվանդը, ով ստիպված է կլորիկ` 21-րդ դարի պահանջներին համարժեք գումարներ վճարել` բուժումը մի հիվանդանոցում կազմակերպելու համար, որը առաջին հայացքից ոչնչով չի տարբերվում սովետական լքված կոլխոզի շենքից: Ես միտումնավոր եմ մի քանի անգամ նշում «21-րդ դար» եզրույթը, որպեսզի որոշ պատկան մարմիններ հասկանան, որ էդ գրողի տարած դարը միայն իրենց կաբինետներում, մեքենաներում ու տներում է, իսկ երկրի բնակչության մի զգալի հատվածը դեռևս մաքառում է միջնադարի մատույցներում...
Կմտածեք՝ փորձում եմ կրկին մեղքը բարդել կառավարության վրա` շեղելով ուշադրությունը հիմնական խնդրից: Բայց եկե՛ք չմոռանանք, որ նման դեպքերը եզակի չեն, որ շատ ու շատ երախտավոր մասնագետներ չեն կարողանում իրականացնել իրենց պարտքը, քանի որ զրկված են դրա համար անհրաժեշտ նվազագույն հնարավորությունից...
Իսկ ո՞վ է մեղավոր... զոռբայի դեմ միշտ էլ թուլամորթն է մեղավոր...
ՀԳ. Հոգնել եմ թուլամորթ ազգի ներկայացուցիչ լինելուց...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yasha.solomonyan/posts/518873141502133
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել