1. Ի՞նչ է տեղի ունենում դպրոցներում. առարկաները շատ են, ամեն ուսուցիչ իր առարկան համարում է ամենակարևորը և շատ հանձնարարություն տալիս, արդյունքում դպրոցականներին, ովքեր ուզում են ինքնուրույն և ամբողջությամբ կատարել տնային առաջադրանքները, գրեթե չի մնում ժամանակ այլ բաներով զբաղվելու համար՝ սպորտ, երաժշտություն, շփում հասակակիցների հետ և այլն:
Արդյունքում տնային աշխատանքները մեծ մասը պարզապես չի անում կամ ինքնուրույն չի անում: Շատ աշակերտների մոտ հաղթում է երկրորդը՝ սպորտը, երաժշտությունը, շփումը հասակակիցների հետ, ժամանցը և այլն: Դպրոցն այս ընթացքի մեջ դառնում է ավելորդ և անկարևոր: Բայց կոնկրետ այս դեպքում մեղավոր է դպրոցը՝ ուսումնական ծրագրերի նկատմամբ անլուրջ վերաբերմունքով հանդերձ:
2. Դպրոցում սովորած ամեն ինչի մոտ 90 տոկոսը մոռացվում է դպրոցն ավարտելուց հետո մոտ 5 տարվա ընթացքում, հետագայում մոռացվում է մնացած 10 տոկոսի մեծ մասն էլ: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ դպրոցական գիտելիքը կիրառելի չէ աշակերտի կողմից այդ տարիքում և հետագա տարիների ընթացքում նույնպես, նա առիթ և անհրաժեշտություն չունի օգտագործելու ֆիզիկայի կամ աշխարհագրության շրջանակներում ստացած գիտելիքը: Արդյունքում ստացվում է, որ 12 տարի դպրոցում սովորածի մեծ մասը մոռացվելու է բուհում սովորելու կամ դպրոցից հետո 5 տարվա ընթացքում:
Հարց է առաջանում՝ արդյո՞ք իմաստ ունի երեխայի կյանքի 12 տարին վատնել մի բանի վրա, որի մեծ մասը մոռացվելու է, որովհետև պետք չէ, կիրառելի չէ:
Այս երկրորդն արդեն կրթության փիլիսոփայության ոլորտից է, որտեղ պետք է քննարկվեն կրթության բովանդակության, նպատակահարմարության, հնարավորության և արդիականության հարցերը, բայց դրանք մեր պարագայում քննարկելն անիմաստ է: Ավելի հեշտ է դպրոցը հանձնել եկեղեցուն և այլևս չնկատել, որ ուսուցիչների աշխատավարձը հետևողականորեն կրճատում են, որպեսզի նրանք մի օր դիմում գրեն, գնան, և նրանց տեղը գան դպրոցի նոր տերերի մտերիմները: Այդ ժամանակ աշխատավարձերը կբարձրացվեն, և կստացվի, որ եկեղեցուն հանձնված դպրոցում ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան մյուս դպրոցներում:
Սա էլ, իհարկե, կրթության նախարարության գործը չէ, քանի որ ՀԱԵ-ն ԿԳՆ-ին ծալած ունի: Եվ ոչ միայն ՀԱԵ-ն: