Եվ կրկին` Ֆետտել – Ռայկկոնեն – Գրոժան: Բահրեյնի գրան պրիի առաջին եռյակը նույնն է, ինչ եւ անցյալ տարի: Սակայն ի տարբերություն անցյալ տարվա, այստեղ ուժերի փոխդասավորությունները բոլորովին այլ էին, նույնն էլ մրցարշավը: Եթե մեկ տարի առաջ Կիմին, իր իսկ խոսքերով, Ֆետտելի վրա հարձակման պահին սխալ ուղեգիծ ընտրելու պատճառով չկարողացավ հաղթել, ապա այս տարի 2-րդ տեղը ֆինի համար մեծ հաջողություն է՝ հաշվի առնելով, որ Ֆեռռարիների դուետը ինքնաչեզոքացվեց: Չնայած, լավ ճանաչելով Կիմիին, նա չի ուրախանա այս 2 տեղին, քանի որ արդեն խրիստոմատիկ են դարձել սառցե մարդու այն խոսքերը, որ 2-րդը ընդամենը պարտվողներից առաջինն է: Իսկ ահա նրա թիմակից Ռոման Գրոժանը, թե՛ հիմա եւ թե՛ մեկ տարի առաջ առաջին անգամ պատվոհարթակ բարձրանալիս, անդադար ժպտում է: Արեւային տղա, այլ կերպ չես անվանի (կամ ժպտերեսիկ, եթե կցանկանաք): Միխայել Շումախեռն իր հաջորդն ունեցավ, չէ՞ որ 90-ականների սկզբին հենց Կերպենից ծնունդով գերմանացի նորեկին, իր անդադար ժպիտի համար տվեցին այդ մականունը: Սակայն, ինչ վերաբերում է նրա մյուս մականունների ժառանգորդներին, օրինակ` Կայզեր, Կարմիր Բարոնը, Անձրեւի վարպետ կամ Գերմանական արծիվ, ապա դրա միակ հավակնորդն այսօր կանգնած էր Լոտուսի պիլոտներ`Ռայկկոնենի եւ Գրոժանի մեջտեղում: Այդ մասին վերջում:
Սակայն մինչ Ֆետտելին մեծարելը, նախ հիշենք, թե ինչպիսին էր մի քանի րոպե առաջ ավարտված մրցարշավը: Արդեն շաբաթ օրը, չնայած վիթխարի առավելությամբ նվաճված փոուլ-փոզիշնի (0,254. մեր օրերի Ֆ1-ում ավելի քան ¼ վայրկյանը կատակ բան չէ), բոլորին պարզ էր, որ առավելագույնը, ինչին կարող էր հավակնել Նիկո Ռոսբերգը, դա պոդիումն է: Ընդհանրապես, քանի որ Ֆորմուլա 1-ի մրցաշրջանը բացող արեւելյան գրան պրիներն արդեն ետեւում են, մենք կարող ենք մի շարք, մրցաշրջանից առաջ հուզող հարցերի պատասխանները տալ, որոնցից մեկն այն է, որ Մերսեդեսի մեքենան, որքան էլ որ հաջող է ստացվել, ավելի շատ որակավորման էտապային է, քան մրցարշավային, քանի որ նախորդ` Չինաստանիգրան պրիում Լյուիս Հեմիլթոնը եւս ավելի քան ¼ վայրկյանի առավելությամբ հաղթեց որակավորման մրցումներում, սակայն միայն հաշված մետրերի շնորհիվ բարձրացավ պատվոհարթակ: Սակայն, անկախ ամեն ինչից, Նիկոն վատ մրցարշավ չանցկացրեց: Քանի որ որակավորման էտապում նրա ցույց տված արագությունը մրցարշավային պայմաններում չէր համապատասխանում իրականությանը, նա գրեթե ամբողջ 57 շրջանների ընթացքում ստիպված եղավ նայել ետեւի տեսադաշտի հայելիներին: Նախ, Ֆետտելին միայն տիտանական ջանքերի եւ 3 շրջան տեւած մենամարտից հետո հաջողվեց գերազանցել նրան (մրցարշավից հետո Ֆետտելը պոդիումի վրա նրան Պինդ Կաղին անվանեց), իսկ հետո նա իրեն իսկական մարտիկի պես դրսեւորեց Մասսայի, Պերեսի եւ ամենակարեւորը Բատտոնի հետ պայքարում, ում նա, մի քան անգամ առաջ թողնելով մրցուղում, ամեն անգամ կարողանում էր ետ բերել կորցրածը փիթ-լեյնում եւ վերջում եզրագիծը հատեց վերջինիս առջեւում (թեեւ ես լուրջ կասկածանքներ ունեմ, որ մրցարշավից առաջ առաջին տասնյակի վերջնամասում եզրագիծը հատելն էր նրանց ցանկացածը): Ինչպես երեւում է, սա Նիկոյի ամենահաջող մրցուղիներից մեկն է: Հիշո՞ւմ եք 2006 թվականի նրա հրաշալի նորամուտը, երբ նա մրցարշավի սկզբում Նիկ Հայդֆելդի հետ վթարվելուց հետո մրցարշավում զբաղեցնում էր վերջին տեղը, իսկ ֆինիշից մի քանի շրջան առաջ ճարպկորեն վազանցեց Ռեդ Բուլլի պիլոտներին, որոնցից մեկն ի դեպ այսօր պատվոհարթակին էր, բայց արդեն ոչ թե գավաթը ձեռքին, այլ` բարձրախոսով: Այդ երեկո նա իր կարիերայի առաջին 2 միավորը վաստակեց եւ ցույց տվեց մրցարշավի լավագույն շրջանը: Կարող ենք հիշել նաեւ նրա անցած տարվա գրան պրին, որտեղ նա մեծ կոշտություն ցուցաբերեց Ալոնսոյի եւ իր ներկայիս թիմակից Հեմիլթոնի հանդեպ, եւ որից հետո Ալոնսոն, իրեն բնորոշ ոճով, սկսեց հարձակում գործել Twitter-ի միջոցով: Բայց մրցարշավը չստացվեց Նիկոյի համար, քանի որ նրա վերջին ձեռք անվադողերն անհաջող էին, եւ նա ստիպված եղավ 4-րդ անգամ փիտ-լեյն այցելել:
Այս մրցուցին հաջող է նաեւ Փոլ Դի Ռեստայի համար, ով նախորդ տարի, ինչպես եւ այսօր, ընտրեց 2 փիթ-ստոփի մարտավարություն եւ կրկին գերազանցեց մի շարք թոփ մեքենաների: Նախորդ տարի նա 6-րդն էր, այսօր նա շախմատաձեւ դրոշակը 4-րդը տեսավ, ընդ որում միայն եզրագծի հատումից 5 շրջան առաջ զիճելով հնարավոր պոդիումը: Ցավալի է, որ նրա թիմակից Սուտիլը, ինչպես եւ մեկ շաբաթ առաջ, ոչ իր մեղքով վթարվեց եւ զրկվեց միավորների համար պայքարելու հնարավորությունից: Մի խոսքով, ինչպես եւ նախորդ 2 տարիներին Դի Ռեստան մրցաշրջանի սկզբում չնչին առավելություն ունի իր թիմակիցների նկատմամբ: Մնում է միայն, որ նա, ի տարբերություն վերը նշված 2011 եւ 2012-ի, մրցաշրջաննի եզրափակիչ հատվածում կարողանա պահել այդ առավելությունը, հակառակ դեպքում Mercedes-ի համբերության բաժակը կարող է վերջնականապես լցվել:
Եվ իհարկե, ըստ իս, ու համոզված եմ նաեւ Ֆորմուլա 1-ի մի շարք այլ մասնագետների, մրցարշավի գլխավոր հերոսը` Սերխիո Պերեսն է: Ատամ ցույց տվեց: Հենց այսպես: 3 մրցարշավ շարունակ նրա թիմակից Բատտոնն իր հանդեպ վիթխարի առավելություն ուներ, իսկ նախորդ` Շանհայում կայացած մրցարշավում Կիմի Ռայկկոնենին մրցուղուց գրեթե դուրս թողելուց հետո, նրա վրա հսկայական քննադատության տարափ թափվեց, ինչն անգամ իրեն` Չեկոյին զարմացրեց: Այլ կերպ չէր էլ կարող լինել: ՄաքԼառենի պիլոտից, լինի նա նորեկ կամ վետերան, սպասելիքները միշտ էլ շատ են, եւ եթե նա Զաուբերում կարող էր իրեն թույլ տալ պարտվել Կամուի Կոբայաշիին (ով ցավալիորեն զրկվեց իր տեղից Ֆ1-ում, թեեւ Պերեսի հետ գրեթե հավասար արդյունքներ ուներ, սակայն ի տարբերություն վերջինիս իր մեջքին չուներ աշխարհի ամենահարուստ մարդը), ապա ՄաքԼառենում սա աններելի է: Բա ի՞նչ ենք ուզում: Եթե 2003-2004 թվականներին բրիտանական մամուլը սկսեց քննադատել անգամ Դեվիդ Կուլթհարդին, ով Ուոկինգից թիմի կազմում ավելի շատ մրցարշավներ է անցկացրել, քան ցանկացած ուրիշը, ապա ո՞վ է այս դեպքում առաջնությունում ընդամենը իր 42-րդ գրան պրին անցկացնողը: Եթե իհարկե նա, ինչպես եւ DC-ն բրիտանացի լիներ, քննադատության հոսքն այսպիսին չէր լինի, սակայն լատինաամերկյան խառնվածքով պիլոտները ՄաքԼառենում վերջին տարիներին լուրջ խնդիրներ են ունեցել, ընդ որում ոչ թե մրցուղում, այլ հենց ղեկավարության` մասնավորապես ՌոնԴեննիսի հետ: Հիշեք Ֆեռնանդո Ալոնսոյին եւ Խուան Պաբլո Մոնտոյային: Սակայն հիմա Դեննիսը չկա, եւ թիմի մթնոլորտն անհամեմատ ավելի հանգիստ, ջերմ եւ ինչպես այս թիմի շատ նախկին պիլկոտներն են ասում, ոչ կորպորատիվ է: Արդյունքում Պերեսն այնպիսի մրցարշավ անցկացրեց, որ անկախ նրա մրցաշրջանից դեռ երկար կհիշվի: Վերցնենք միայն սեփական թիմակից Բատտոնի հետ նրա պայքարը, երբ ակնհայտորեն զիճելով իր նորեկ թիմակցին արագությամբ (այո, այո, այդ պահին 2-սն էլ նույն մարտավարությամբ էին ընթանում), Ջենսը իրեն ոչ բնորոշ վարելաձեւով ուղղակի դուրս թողեց Պերեսին մրցուղուց: Սակայն Չեկոն ոչ միայն չհանձնվեց, այլ մեկ շրջան անց քիչ էր մնում պայթեցներ Ջենսի ետեւի աջ անվադողը: Բատտոնը ռադիոյով բազմիցս խնդրեց հանգստացնել երիտասարդին, ինչը նա նախկինում եւս հազվադեպ է արել: Հասկանալով, որ Չեկոն շուտով առաջ կանցնի, Բատտոնը գնաց փիթ ստոպի, առավելություն ստանալու ակնկալիքով: Դա իրոք աշխատեց, սակայն սեփական փիտ ստոպից հետո Չեկոն կրկին հասավ Ջենսին եւ այս անգամ արդեն մի քանի շրջան տեւած պայքարից հետո վազանցեց նրան: Տակտիկական հանճար Բատտոնը կրկին փիտ ստոփ անցկացրեց, սակայն Պերեսը դեռ նախորդ տարիներից կարողացել է լավ խնայել անվադողերը, ինչի շնորհիվ նա մատ արեց իր աշխարհի չեմպիոն թիմակցին: Վերջում նա հրաշալի վերջակետ դրեց՝ վազանցելով առանց DRS-ի հանդես եկեղ Ալոնսոյին, վերջին շրջանին նաեւ Ուեբբերին: 3:1 հօգուտ Ջենսոնի, բայց այսօր նա, կարելի է ասե,լ ծանոթացավ իր նոր թիմակցին: Մրցարշավից հետո Բատտոնը Պերեսի մանեւրները շատ ագրեսիվ անվանեց՝ ասելով, որ մոտ 300 կմ/ժ արագության տակ նա սեփական թիմակցից հպում չէր սպասում: Պերեսն արդեն հասցրել է պատասխանել Բատտոնին՝ ասելով, որ թիմակիցը ոչ պակաս ագրեսիվ էր եւ եթե այդպես շարունակվեր, նրանք 2-սն էլ կարող էին լքել մրցարշավը: Դե ինչ, բարեկամներ, կրկին, ինչպեսեւ 2007-ին Բրիտանա-լատինոամերիկյան պայքար ՄաքԼառենում, սպասում ենք մեծ անհամբերությամբ:
http://www.youtube.com/watch?v=zlZoN2mXZ8E
Իսկ ահա Ֆեռռարին այսօրվա մրցարշավն ուղղակի ձախողեց: Այնինչ ամեն ինչ շատ լավ սկսվեց: Մեկնարկային 2-րդ գիծ, Մասսայի Hard անվադողերով մեկնարկը եւ Ալոնսոյի անմիջապես 2-րդ տեղ դուրս գալը: Սակայն նախ Ֆետտելն անմիջապես վերականգնեց ստատուս քվոն՝ գերազանցելով Նանդոյին, իսկ այնուհետեւ Ֆեռռարիի DRS-ը խափանվեց եւ ինչպես եւ նախորդ տարի Շումապեռինը Կանադայում, այն բացված էր մնացել: Ի տարբերություն Mercedes-ի մեխանիկների՝ Ֆեռռարիի մեխանիկները փիթ սթոպի ժամանակ կարողացան այն փակել, սակայն երբ Ալոնսոն այն կրկին բացեց, եւս մեկ փիթ-սթոպի անհրաժեշտություն առաջացավ, քանի որ այն կրկին չէր փակվում: Արդյունքում Ալոնսոն ողջ մրցարշավի ընթացքում նրանից այլեւս չօգտվեց, ինչը Սախիրի 4 երկար ուղղաձիգերում նրան շատ խանգարեց: Հակառակ դեպքում նա գոնե կկարողանար պայքարել Ուեբբերի, Պերեսի եւ Հեմիլթոնի հետ 5-րդ տեղի համար: Իսկահա Մասսայի հետ տեղի ունեցածն էլ ավելի անսպասելի էր: Որավորման մրցումներից հետո բրազիլացին Hard ընտրելը բացատրեց նրանով, որ այ Ուիկ էնդի ավելի կոշտ անցադողերը նրան ավելի են համապատախանում, եւ դրանցով նա իրեն ավելի հարմարավետ է զգում: Սակայն 2 անգամ նրա ետեւի Hard անվադողը պայթեց, ինչից հետո ամեն ինչ կորավ Պիպոյի համար, եւ նա առաջին անգամ այս մրցաշրջանում շախմատաձեւ դրոշակը տեսավ Top 10-ի սահմաններից դուրս՝ մնալով առանց միավորների: Դրա համար Սկուդերիան բավականին թանկ վճարեց, քանի որ կոնդտրուկտորների առաջնությում նա զիջեց 2-րդ տեղը Լոտուսին, իսկ Ալոնսոն առաջնությունում 3-րդ տեղը՝ Հեմիլթոնին, ում վերջին ձեռք անվադողերը անսպասելիորեն սկսեցին աշխատել, եւ նա բաց չթողեց 5-րդ տեղը, որը նա վերջին շրջանին խլեց Ուեբբերից:
Եվ իհարկե Ֆետտել: Հոդվածս սկսեցի Ֆետտելի եւ Շումախեռի միջեւ զուգահեռներ անցկացնելուց: Նա այսօր իրոք հիշեցրեց Միխայելին, վերջինիս առաջին կարիերայի ժամանակ: Նախ՝ նա անմիջապես ետ բերեց 2-րդ տեղը Ալոնսոյից, իսկ այնուհետեւ մի քանի շրջանի ընթացքում լուծեց նաեւ Ռոսբերգի հարցերը, ընդ որում առանց որեւէ DRS-ի:
http://www.youtube.com/watch?v=JF0ncLVMe4
Դրանից հետո բոլորը մոռացան հաղթանակի համար պայքարելու մասին: Անգամ եթե Ալոնսոյի եւ Մասսայի խնդիրները չլինեին, դժվարությամբ եմ պատկերացնում, որ Ֆեռռարիները կարողանային կագնեցնել իր մեքենայի կարգախոսը իրականություն դարձրած Ֆետտելին: Այո, Ռեդ Բուլլը թեւեր առավ եւ նրան կանգնեցնել անհնար դարձավ: Պարզապես Էյդրիան Նյուիի գլուխգործոցը իրեն մշտապես հիանալի է զգացել հենց այս տիպի մրցուղիներում, որտեղ առաջնային պլան է դուրս եկել, արգելակումների ժամանակ մեքենայի կայունությունը: Իհարկե, դրան նպաստող ակտիվ կախոցները եւ շարժական հատակն արդեն արգելված են, բայց պետք է միամիտ լինել, որպեսզի մտածել, որ Էյդրիան Նյուիի պես հանճարը այդ պատնեշն էլ չի կարողացոլ շրջանցել: Հիշո՞ւմ եք, թե ինչպես 2004-ին Ֆորմուլա 1-ում արգելվեց Traction Control-ը` հակատեղապտուտային համակարգը, սակայն մեքենաները շարունակեցին նույն ձեւի հրաշալի մեկնարկել: Նույնն էլ հիմա է, Ֆորմուլա 1-ի ինժեներները աշխարհում լավագույններից լավագույններն են, եւ եթե նրանց ինչ-որ բան արգելում են, ապա նրանք դա շրջանցելով օգտագործում են այլ նորամուծություններ: Այլ կերպ ասած` Find the wayout: Իսկ մեր իրականության լավագույն աերոդինամիկ` Էյդրիան Նյուիի պես գիտնականի համար դա չի կարող մի քանի անքուն գիշերներից երկար ժամանակ տանել:
Կհանդիպենք 3 շաբաթ անց` Ֆորմուլա 1-ի Եվրոպական մրցաշրջանի մեկնարկի ժամանակ: