Երկրորդ համաշխարհային պատերազմից օրեր առաջ՝ 1939թ. օգոստոսի 23-ին, Մոսկվայում ԽՍՀՄ և Գերմանիայի միջև պայմանագիր կնքվեց, որը պատմության մեջ հայտնի է որպես «Մոլոտով-Ռիբենտրոպ պակտ»: Համաձայն այդ պայմանագրի գաղտնի մասի՝ ԽՍՀՄ-ը և Գերմանիան իրենց միջև ազդեցության գոտիների բաժանում պետք է իրականացնեին. ԽՍՀՄ-ը չէր խանգարելու Գերմանիային հարձակվել Լեհաստանի վրա, իսկ ԽՍՀՄ ազդեցության տակ էին հայտնվելու Բեսարաբիան, Մերձբալթյան երկրները և Ֆինլանդիան: Այս պայմանագրով Գերմանիան և ԽՍՀՄ-ը դառնում էին ռազմավարական դաշնակիցներ:

Այդ իրադարձությունից հետո, ինչպես հայտնի է, ԽՍՀՄ-ը բռնի կերպով կարողացավ խորհրդայնացնել Մերձբալթյան տարածարջանը: «Կարմիր տեռորն» իր ողջ ուժով գործի էր դրվել տարածաշրջանում: Տասնյակ հազարավոր լիտվացիներ, լատվիացիներ և էստոնացիներ հալածանքների, գնդակահարությունների և աքսորի էին ենթարկվում:

Իրավիճակը, սակայն, այլ էր Ֆինլանդիայում: Ֆինլանդացի ժողովրդին հաջողվեց դիմադրություն ցույց տալ կոմունիստներին: Պատմության ընթացքում քիչ չեն եղել այնպիսի դեպքեր, երբ փոքր պետությունների քաղաքացիները շնորհիվ իրենց հայրենասիրության և սեփական երկրի հանդեպ ունեցած նվիրվածության կարողացել են դիմագրավել մեծ պետություններին: 1939թ. վերջին ԽՍՀՄ կողմից Ֆինլանդիայի դեմ պատերազմ սանձազերծվեց, որը պատմության մեջ հայտնի է «Ձմեռային պատերազմ» անվամբ:

Չնայած այն բանին, որ Ֆինլանդիան ընդամենը 5 միլիոն բնակչություն կորցրեց, որոշակի տարածքներ, այնուամենայնիվ, կարողացավ դիմագրավել կարմիր բանակին և, որ ամենակարևորն է, պահպանել սեփական անկախությունը: Ընդհանրապես, պետք է նշել, որ Ֆինլանդիան 1809թ. սկսած մաս էր կազմում Ռուսական կայսրությանը, սակայն 1917թ. բոլշևիկյան հեղափոխությունից հետո Մերձբալթյան երկրների, ինչպես նաև Կովկասի մի շարք այլ պետությունների հետ միասին անկախություն ձեռք բերեց:

Իշխանության եկած բոլշևիկները, սակայն, ստանձնեցին նախկին կայսրության տարածքների վերամիավորման գործը: Այդ տարիներին արդեն սկսվել էր բոլոր այն տարածաշրջանների բռնի խորհրդայնացումը, որոնք անկախություն էին ձեռք բերել ցարիզմի անկումից հետո:

Բոլշևիկները Ֆինլանդիայի անկախությունը ժամանակավոր բնույթ կրող երևույթ էին համարում և շարունակում այն իրենց ազդեցության տակ գտնվող գոտի համարել: Կոմունիստներն ուղղակի Ֆինլանդիան խորհրդայնացնելու հարմար առիթ էին փնտրում:

Առաջին փորձը տեղի ունեցավ 1918 թվականին, երբ ընդհատակում գործող կոմունիստները զինված ապստամբություն բարձրացրեցին և գրավեցին Ֆինլանդիայի և Հելսինկիի զգալի մասը: Կոմունիստներն իրենց ենթակա տարածքներում առաջին մի քանի ամիսների ընթացքում շուրջ երեք հազար մարդու գնդակահարեցին: Չնայած այդ ամենին՝ ֆինները պաշտպանվում էին և ի վերջո մարշալ Կառլ-Գուստավ Մաներգեյմի գլխավորությամբ կարողացան հաղթանակ տանել կոմունիստների նկատմամբ:

1920թ. Տարտուում Ֆինլանդիայի և ԽՍՀՄ միջև պայմանագիր կնքվեց, որի համաձայն պաշտոնական Կրեմլն ընդունեց Ֆինլանդիայի անկախությունը: Չնայած այդ ամենին՝ նրանց միջև դիվանագիտական հարաբերություններ չհաստատվեց: Ֆինլանդիան չէր վստահում Կրեմլին, և դա իր պատճառներն ուներ: Մոսկվան երկրում ընդհատակյա գործողություն ծավալող կոմունիստական կուսակցության միջոցով առիթը բաց չէր թողնում Ֆինլանդիայում անկայունություն սերմանելու համար:

1932թ. նրանց միջև նոր պայմանագիր ստորագրվեց, որը, սակայն, ոչնչով չնպաստեց երկու երկրների միջև առկա լարվածության թուլացմանը: Ակնհայտ էր, որ ԽՍՀՄ-ը Ֆինլանդիայի անկախությունը դիտարկում էր որպես ժամանակավոր երևույթ: Այդ շրջանում Ֆինլանդիայի արտաքին քաղաքականության «դոկտրինան» հետևյալն էր՝ «ցանկացած երկիր, որը համարվում է Ռուսաստանին թշնամի, բարեկամ է Ֆինլանդիային»:

Ֆիննական կառավարությունը, որը կանգնած էր լրջագույն ռազմական ինտերվենցիայի առջև, ստիպված էր կարգավորել և ուժեղացնել սեփական բանակը: 1935թ. սկսած պետական բյուջեի շուրջ 25%-ը հատկացվում էր ռազմամթերք գնելուն:

Ֆիննական բանակն այդ ժամանակ լավ զինված չէր: Պատմաբանները նշում են, որ այդ շրջանում նրանք չունեին հրետանի, զրահատեխնիկա, ժամանակակից տանկեր: Նրանց բանակի գլխավոր հաղթաթուղթը միասնականությունն ու հայրենասիրությունն էր: Ֆինլանադիայում զինակոչիկների քանակը գերակշռում էր զինամթերքի քանակին: Նրանք նաև որակյալ նավատորմ չունեին, սակայն վերջինս զգալի դեր չունեցավ «Ձմեռային պատերազմի» ժամանակ:

Մարշալ Մաներգեյմի նախաձեռնությամբ ֆինները ձեռնամուխ եղան ԽՍՀՄ սահմանի երկայնքով 135 կմ երկարություն ունեցող պաշպանական գիծ ստեղծելուն: Այն բաղկացած էր խրամատներից և կրակակետերից: Այդ ֆենոմենալ գիծը պատմության մեջ մնաց «Մաներգեյմի գիծ» անվանմամբ: Ֆին ժողովուրդը համերաշխությամբ և միասնական կերպով մասնակցություն ցուցաբերեց այդ աշխատանքներին: Ժամանակակիցները նշում են, որ մարդիկ անկախ իրենց տարիքից, սեռից և մասնագիտությունից, իրար թև թիկունք լինելով կառուցեցեին այդ գիծը:

1938թ. սկսած ԽՍՀՄ-ը ձեռնամուխ եղավ Ֆինլանդիայի հետ բանակցություններ սկսելուն: Բնականաբար, նպատակը, ինչպես և Մերձբալթյան տարածաշրջանի երկրների պարագայում էր, երկրում հստակ ռազմական ներկայություն ունենալն էր, որի վերջնական արդյունքը պետք է օկուպացիան լիներ: Կրեմլը պահանջում էր, որպեսզի 30 տարվա վարձակալության պայմանով իրեն տրամադվրեր ֆիննական ծոցում գտնվող մի քանի կղզի: Ֆինլանդիան, որն այդ ժամանակ համաշխարհային թուհոբոհի մեջ չեզոք դիրքորոշում ուներ, կտրականապես մերժեց այդ պահանջը:

Ինչպես նշեցինք, պատերազմի հրահրման ազդակ հանդիսացավ ԽՍՀՄ-Գերմանիա համագործակցությունը, մասնավորապես, «Մոլոտով-Ռիբեմտրոպ պակտը»:

Աշնանը Կրեմլը խորհրդայնացրեց Մերձբալթյան տարածաշրջանը: Այդ երկրների ղեկավարությունները չկարողացան լուրջ դիմադրություն ցույց տալ: Ֆին պատմաբանները նշում են, որ ի տարբերություն Մերձբալթյան տարածաշրջանի պետությունների, Ֆինլանդիան ճիշտ ընտրություն կատարեցին՝ նախընտրելով պայքարի ուղղին: Իրենց ուղու ճշմարտացիությունը ֆինները տեսան արդեն 1940 թվականին, երբ Մերձբալթյան երկրների ամբողջ հասարակական-քաղաքական էլիտան կա՛մ գնդակահարվեց, կա՛մ աքսորվեց դեպի Սիբիր:

Հոկտեմբերի 5-ին ԽՍՀՄ-ն առաջարկեց վերսկսել Ֆինլանդիայի հետ ընդհատված բանակցությունները: Բանակցություններ վարելու նպատակով Մոսկվա ժամանեց Յուխո Պասիկիվիի գլխավորած պատվիրակությունը: Բանակցությունները մեկ ամիս տևեցին: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու առիթն օգտագործելով ԽՍՀՄ-ը միասնական պաշտպանություն ստեղծելու առաջարկով հանդես եկավ: Այդ առաջարկը մերժվեց: Դրանից հետո Կրեմլի կողմից Լենինգրադի պաշտպանության կազմակերպման պատրվակով առաջարկ եղավ այն մասին, որ Կորելյան հատվածի շրջանում Ֆիննական կողմը հետ քաշի սահմանի գիծը: Այդ քայլով ֆիննական կողմը զրկվում էր «Մաներգեյմի գծից», Լադոգա լճից և Վիբուրգսկի շրջանից: Բացի այդ, Կրեմլը ցանկանում էր 30 տարվա վարձակալության սկզբունքով վերցնել Հանկո թերակղզին և ֆիննական ծոցում գտնվող այս կղզիները: Որպես փոխհատուցում նա Ֆինլանդիային առաջարկում էր 250 կմ երկարություն ունեցող սահմանային գոտի Կորելիայում, որը որևիցե լուրջ ռազմավարական նշանակություն չուներ: Ֆին պատմաբան Օխտո Մանինենը նշում է, որ Կրեմլը ցանկանում էր ստանալ Կորելյան շրջանի զգալի հատվածը: Այդ դեպքում նրանց կարևորագույն պաշտպանական կետ հանդիսացող «Մաներգեյմի գիծը» կհայտնվեր սահմանից այն կողմ: Բացի այդ, Ֆինները չէին ցանկանում իրենց թիկունքում սովետական զորամիավորումներ տեսնել: Նրանք արդեն գիտեին, թե ինչ էր կատարվում Մերձբալթյան տարածաշրջանում:

Հելսինկին կատեգորիկ կերպով մերժեց Հանկո թերակզղու և ֆիննական ծոցի կղզիների տրամադրումը ԽՍՀՄ-ին: Նրանք քաջ գիտակցում էին, որ թերակղզին և կղզիները Կրեմլին տրամադրելով հնարավորություն կստեղծեն Ֆինլանդիայի արագ օկուպացման համար: Նոյեմբերի 13-ին ֆիննական պատվիրակությունը Պասսիկիվիի գլխավորությամբ ընդհատում է բանակցությունները և վերադառնում Հելսինկի: Հարկ է նշել, որ ֆինլանդացի ժողովուրդը լիովին կիսում էր կառավարության արտաքին քաղաքականության կուրսը: Հասարակությունում տիրում էր այն կարծիքը, թե ինչու պետք է իրենք զիջեն իրենց տարածքները, չէ որ Ֆինլանդիան խաղաղասեր երկիր է և չեզոք դիրքորոշում ունի:

Շարունակելի…

Դավիթ Ֆիդանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել