Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում սկսվել է բավականին կարևոր միջոցառում՝ «Մետաքսի ճանապարհ» խորագիրը կրող համաժողովը, որը Թբիլիսիում տեղի է ունենում արդեն երկրորդ անգամ։ Նախորդը տեղի էր ունեցել 2015 թվականին: Այս տարվա համաժողովին մասնակցում են 60 երկրներից մոտ 500 միջազգային կազմակեպություններ: «Մետաքսի ճանապարը» Չինաստանը Եվրոպային կապող ուղի է, որի միջոցով մասնակից պետություններն ակնկալում են զարգացնել ոչ միայն առևտրային հարաբերությունները, այլ նաև այն ծառայեցնել որպես ուղի՝ տեխնոլոգիական նորարարությունների փոխանցման, քաղաքական ու մշակութային կապերի խորացման համար։ Դեռևս 2015 թվականին հույս կար, որ այն կանցնի նաև Հայաստանով: Սակայն Հայաստանը կարող է օգտվել «Մետաքսի ճանապարհի» հնարավորություններից, եթե ներառվի Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի ծրագրի մեջ, այսինքն՝ միանա համաեվրոպական տրանսպորտային միջանցքին՝ փաստորեն դառնալով նոր ստեղծվող տրանսպորտային ենթակառուցվածքների ցանցի մասնիկ։ Այլ կերպ ասած՝ Հայաստանը երկու հարևանների՝ Վրաստանի և Իրանի միջոցով կարող է ունենալ ելք դեպի ծովեր: Այս հարցում, թերևս, բազմաթիվ խոչընդոտներ կլինեն, սակայն սա մեր միակ շանսն է կոմունիկացիոն շրջափակման մեջ չհայտնվելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: