Մեր տեղեկատվական դաշտը պարզապես հեղեղված է ցածրորակ վերլուծություններով ու տեղեկատվությունով: Ցածրորակ են նաև տեղեկատվության մանիպուլյացիայի ուղղությամբ տարվող աշխատանքները, որովհետև ճիշտ է, ընդհանուր առմամբ հավատարիմ մնալով այս տեխնոլոգիայի հիմնադրույթներին, այնուամենայնիվ այնքան պարզունակ են գործում, որ քիչ թե շատ ուշադիր ու ադեկվատ մարդը հանգիստ կարող է կռահել մանիպուլյատիիվ գործոնը այս կամ այն տեղեկատվության մեջ:
Վերցնենք վերջին շրջանում այս առումով ամենաակտուալ թրենդը՝ Հայաստանում հակա- Եվրասիական/Մաքսային միութենական և պարզապես հակառուսական տրամադրություն ձևավորելուն ուղղված ջանքերը՝ մեդիա դաշտում:
Հիմնական շեշտը այս գործընթացում դրվում է նրա վրա, որ Հայաստանին շանտաժի են ենթարկում, ու այդ շանտաժի մեխանիզմները ուղղված են լինելու առաջին հերթին շարքային հայաստանցիների դեմ: Հիմա ամենշատ արծարծվող թեման Ռուսաստանի նոր քաղաքականությունն է՝ ուղղված աշխատանքային միգրացիայի հարցին: Իրականությունն այս պահին հետևյալում է․ Պուտինը առաջարկել է մինչև 2015 թվական ընդունել օրենք, որով կսահմանվի, որ Ռուսաստան առանց արտասահմանյան անձնագրի իրավունք կունենան մուտք գործել միայն Մաքսային Միության անդամ երկրների քաղաքացիները, իսկ այլ երկրների քաղաքացիները պետք է պարտադիր ունենան արտասահմանյան անձնագիր, իսկ կախված տվյալ երկրի հետ համապաատասխան պայմանագրի առկայությունից կամ բացակայությունից,՝ նաև վիզայով: Բացի սրանից՝ արդեն ասեկոսեների մակարդակով շրջանառվում են խոսակցություններ, որ Ռուսաստանը հաջորդ քայլով պատրաստվում է վիզային ռեժիմ մտցնել մի քանի տարուց Մաքսային Միության անդամ չհանդիսացող երկրների հետ, բայց ինչպես արդեն ասացի, սա դեռ մենակ ասեկոսեներ են:
Հիմա նայենք, թե ի՞նչ են անում մեզ մոտ, որպեսզի մանիպուլյատիվ եղանակով բնակչության ստվար զանգվածների մոտ հրահրեն հակառուսականություն կամ դժգոհություն Ռուսաստանի նկատմամբ․
- Վերցնում են իրականությանը համապատասխանող լուրը` այս դեպքում լուրն այն մասին, որ Պուտինն առաջարկել է 2015 թվականից արտասահմանյան անձնագրերը պարտադիր սարքել Մաքսային Միության անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիների համար:
- Հենց սկզբից ինչ-որ մի հակիրճ նախաբան են գրում, որի ընդհանուր իմաստը արտահայտվում է «Ռուսաստանը ուզում է խեղդել Հայաստանին», «Ռուսաստանը ուզում է գաղութացնել Հայաստանը», «Ռուսաստանը իրական սպառնալիք է ստեղծում մեր ինքնիշխանությանը», «Ռուսաստանը շանտաժի է ենթարկում Հայաստանին» և այլն․․․
- Հետո այս մեսիջին հավելվում է իրականությունը համապատասխանող լուրը:
- Դրանից հետո գրվում է բավականին ծավալուն վերլուծություն՝ ի սկզբանե սխալ հետևություններով, որտեղ մի հատ ապոկալիպտիկ պատկեր է նկարագրվում, որը կստեղծվի, եթե Հայաստանից դեպի Ռուսաստան աշխատանքայի միգրացիայի հոսքը դադարի:
- Ու վերջում արվում է կեղծ եզրահանգում, որը կարող է կրկնել նախաբանում արված մեսիջը կամ արդարացնի մեր իշխանությունների կողմից արված հերթական սխալ/ստոր/հանցավոր քայլը սեփական ժողովրդի նկատմամբ (շառը գցել ռուսների վրա):

Իսկ նման աշխատանքների փուչությունը արտահայտվում է նրանով, որ մի հատ էլեմենտար դիտարկումով այս կեղծ-տրամաբանական շղթան փլուզվում է․ եթե խոսում ենք զուտ արտասահմանյան անձնագրերի պարտադիր դարձնելու մասին, ապա այն ՈՉ ՄԻ ԿԵՐՊ չի անդրադառնա Հայաստանի վրա, որովհետև մենք հիմա էլ Հայաստանից դուրս ենք գալիս ՄԻԱՅՆ արտասահմանյան անձնագրերով, ու մեզ մոտ պարզապես գոյություն չունի ներքին անձնագիր հասկացողությունը:
Մեզ վրա կարող էր ցավոտ ազդեցություն ունենար միայն վիզային ռեժիմ մտցնելու որոշումը, բայց ես արդեն մեկ ամիս է անընդհատ փորփրում եմ ռուսական տեղեկատվական դաշտը և ինչպես նշեցի, ասեկոսեներից ու շահարկումներից այն կողմ այս տարբերակը դեռ չի գնում:

Այ սենց կարճ լիկբեզ տեղեկատվությունը ապատեղեկատվությունից տարանջատելու մասին :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել