Նախագահ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում նոյեմբերի 23-24-ը կայանալիք ԵԺԿ և ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովներին: Նախապես հայտարարվել է, որ հենց այդ գագաթնաժողովի ընթացքում կստորագրվի ՀՀ-ԵՄ միջև խորը և համապարփակ համագործակցության մասին համաձայնագիրը:
Փաստաթուղթը Հայաստանին հնարավորություն է տալիս արտահանելու ոչ թե աշխատուժը, ինչպես, օրինակ, ՌԴ-ն, որը հնարավորություն է տալիս հայերին աշխատել իր երկրում, այլ թույլ է տալիս, որ պետությունը հնարավորություն ունենա աշխատանքի ուժն իր պրոդուկտի ու ծառայության մեջ արտահանել:
Համաձայնագիրը շատ մեծ կարևորություն ունի Հայաստանի համար՝ մանավանդ քաղաքական երկխոսության և բարեփոխումների հարցում՝ մարդու իրավունքներ, խոսքի ազատություն, դատական իշխանության անկախություն: Այս համաձայնագրի միակ տարբերությունը ասոցացման մասին համաձայնագրից ազատ առևտրի գոտու մասին կետի բացակայությունն է, ինչն անհնար է ԵՏՄ-ին ՀՀ անդամության պատճառով: Սակայն այս պակասը մասնակիորեն լրացվում է GSP+ կարգավիճակով, որն ունի Երևանը և որը որոշակի արտոնություններ է տալիս հայկական ապրանքները ԵՄ շուկա արտահանելու համար: Հայաստանը բավականին ակտիվ օգտվում է դրանից՝ ամեն տարի մի քանի տասնյակ միլիոն եվրո տնտեսելով զրոյական կամ շատ ցածր մաքսային տուրքերի հաշվին: Բացի այդ՝ համաձայնագիրը կարող է անհրաժեշտ քաղաքական միջավայր ստեղծել ԵՄ հետ վիզաների ազատականացման վերաբերյալ երկխոսություն սկսելու համար:
Եթե այս համաձայնագրը դիտարկենք Ռուսաստանի տեսանկյունից, ապա ռուսական կողմը հնարավոր է՝ այն օգտագործի ցույց տալու համար, որ կարելի է բարելավել հարաբերությունները և ԵՏՄ-ի և ԵՄ-ի հետ։ Կստացվի, որ համաձայնագիրը կսպասարկի ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի շահերը։ Այս պայմանագիրը մտնում է Ռուսաստանի դիվանագիտության քաղաքականության մեջ։ Հայաստանը կարող է կամուրջ լինել Ռուսաստանի և Եվրոպայի միջև` նաև դեպի Արևելք:
Խնդրի հետ կապված բավականին հատկանշական է ադրբեջանական դիրքորշումը: Ադրբեջանը եվրոպական ընտանիքում ամեն կերպ փորձում է շահարկել ղարաբաղյան հարցը, իրեն քաղաքական ամբիցիաներն արդարացնող թեզիսներ առաջ քաշելով: Այս ֆոնին հետաքրքիր է դիտել ԵՄ համաձայնագրի հետ կապված մի քանի նյուանսներ: Ալիևը հստակ գիտակցում է, որ ԱլԳ-ն երբեք չի զբաղվելու հակամարտության քաղաքական կարգավորմամբ, ոչ էլ ունակ է վերականգնելու իր խորհրդային «տարածքային ամբողջականությունը», ինչպես որ դա չի արել ու չի անելու Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի հակամարտությունների պարագայում: Ադրբեջանի ԵՏՄ նկրտումները նույնպես ֆանտազիայի ժանրից են, քանի որ ԵԱՏՄ ոչ միայն անդամ, այլև նույնիսկ դիտորդ պետությունը պետք է միության անդամ պետություններին վնասող քայլեր չձեռնարկի, իսկ տվյալ պարագայում ՀՀ դիրքորոշումն ակնհայտ բացասական է:
Եվրոպական խորհրդարանն անցած շաբաթ ներկայացրել է Ղարաբաղի հիմնախնդրի մասով իր մոտեցումները և այնտեղ կան ձևակերպումներ, որոնք համապատասխանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք սկզբունքներին՝ ուժի չկիրառում, ազատ ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն։
Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի շուրջ Հայաստանում գոյություն ունի մի տեսակ յուրահատուկ աննախադեպ քաղաքական կոնսենսուս՝ իշխանությունից սկսած և վերջացրած նույն այդ իշխանությանը զինված ճանապարհով տապալելու պատրաստակամություն ունեցող «ծռերով»:
Ամփոփելով կարող ենք նկատել, որ ԵՄ-ն պատրաստ չէ վերջնականապես հրաժարվելու և չի հրաժարվել ՀՀ-ից։ Պատճառներից մեկն այն է՝ ԵՄ-ն հասկանում է, որ ՀՀ-ից «հրաժարվելով» և նրան այլընտրանքից զրկելով ՀՀ-ն ամբողջական կախվածության մեջ կընկնի ՌԴ-ից (օրինակ, եթե Արևմուտքը վարկեր չտրամադրի)։ ԵՄ-ը միևնույն սկզբունքով առաջնորդվում է նաև Բելառուսի պարագայում՝ համարելով, որի կողմից սահմանած պատժամիջոցները Բելառուսին զրկում են մանևրելու հնարավորությունից և մղում դեպի ՌԴ՝ հեռացնելով ԵՄ-ից և տվյալ երկրի հասարակությանը տրամադրում ԵՄ-ի դեմ։ ԱլԳ երկրները տարբերակված են ԵՄ-ի համար ունեցած կարևորությամբ ու լարվածության հավելյալ օջախների ստեղծման տեսակետից։ Այսօր ՀՀ-ն պատրաստվում է ունենալ ԵՄ-ի հետ փոխզիջումային համաձայնագիր, որը վերաբերելու է համագործակցության սահմանափակ շրջանակի։