Ադրբեջանի Նախիջևանի զորամասերից մեկի զինծառայող Ռաուլ Աֆսար օղլու Ռահիմովի (Raul Əfsər oğlu Rəhimov) ծնողները, դիմելով Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին, հայտնել են, որ իրականում իրենց որդին ինքնասպանության փորձ չի կատարել, այլ դաժան ծեծի է ենթարկվել համածառայակիցների կողմից, որից հետո նույն զինծառայողները նրան նետել են 3-րդ հարկից։
Չնայած նրան, որ Ալիևն ու Հասանովը սիրում են ցուցադրել իրենց «նախիջևանյան մուսկուլները» տարբեր տեսակի զորավարժությունների և զորահանդեսների միջոցով, այնուամենայնիվ, վիճակագրությունը ցույց է տալիս, որ միջանձնային հարաբերությունների հետևանքով կատարված սպանությունների և ինքնասպանությունների մեծ մասը կատարվում են Նախիջևանում տեղակայված առանձին համազորային բանակում։ Դրանք նույնպես թաքցվում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից։
Այսօր հայտնի է դարձել, որ Նախիջևանի ստորաբաժանումներից մեկում ադրբեջանական բանակի սպաներից մեկը, կոտորելով դիրքի ողջ անձնակազմին, դիմել է փախուստի։ Վերջինիս դիակը հայտնաբերվել է ՀՀ պետական սահմանի հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում։
Հ.Գ. Սեպտեմբերի 27-ին Նախիջևանի առանձին համազորային բանակի Ջուլֆայի շրջանում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող Բահրուզ Ջալիլբեյլին, սպանելով համածառայակիցներ Նահիդ Աբբասովին, Էլվին Շերիֆլիին և Վյուսալ Աղաևին, դիմել է փախուստի։