Հայաստանի քաղաքական համակարգը, որը ընդամենը այնքանով է քաղաքական, որ իշխանության ներսում ներդրում է «ցիվիլոտ» էլեմենտներ, հանդիսանում է ֆինանսական համակարգի մի ճյուղ, այսինքն` պետության կառավարման մեջ առավել գերակշռում են ֆինանսական քաշային կատեգորիաները, քան քաղաքական հոսանքները: Թերևս այդ է պատճառը, որ վարչապետը, դե յուրե լինելով պետության երրորդ դեմքը, հասարակության քաղաքական պատկերացումներում համարվում է երկրորդը, որովհետև ղեկավարում է տնտեսական հոսքերը: Հայաստանի նման քաղաքականապես անկայուն իրավիճակում գտնվող երկրներում, հատկապես հետընտրական և նախընտրական ցնցումների պայմաններում, վարչապետի ֆիգուրը պետք է լինի հնարավորինս ճկուն և առավելագույն քաղաքական և քաղաքացիական համախմբում ապահովող գործիչ:
Հետընտրական Հայաստանում, որտեղ նախագահական ընտրություններում ընդդիմադիր թեկնածուներից մեկը հավաքեց լրջագույն տոկոսներ՝ ի հեճուկս բազմաթիվ վերլուծությունների և սոցիոլոգիական պատվերների, վարչապետ պետք է նշանակվեր այնպիսի քաղաքական գործիչ, որը հնարավորինս դրական կերպար կլիներ թե ընդդիմադիր, թե իշխանական դաշտի համար: Քանի որ Երևանի ավագանու ընտրությունները ևս քաղաքական ընտրություններ են և հաջորդում են որոշակի լարված հետընտրական իրավիճակների, իշխանությունները պետք է իրենց ֆիգուրների դասավորության մեջ կատարեին այնպիսի վերադասավորումներ, որ երևանյան ընտրողին ներկայանային առավել դրական լույսի ներքո: 
Այս քաղաքական խաղի պարզագույն կանոնների համադրումով ստացվում է այսպիսի պատկեր՝
* ստացվում է, որ ոչ այդքան վաղ անցյալում ՀՀԿ-ին անդամագրված վարչապետի աշխատանքը վերլուծելիս իշխանական կից ինստիտուտները առկա կադրային ռեզերվից Տիգրան Սարգսյանին համարել են ամենակոմպրոմիսայինը...
* Երևանի ավագանու ընտրություններից առաջ Տիգրան Սարգսյանի և Էդիկ Նալբանդյանի վերանշանակումը համարել են PR առումով արդյունավետ և քվեաբեր...
* Տիգրան Սարգսյանին համարել են այն գործիչը, որը տնտեսության մեջ կարող է կատարել ֆենոմենալ փոփոխություններ՝ նվազեցնելու համար հասարակության դժգոհ հատվածի տեսակարար կշիռը...
* Տիգրան Սարգսյանին համարել են այն գործիչը, որը կարող է դիմակայել նոր տնտեսական մարտահրավերներին...
Վերոնշյալ գործոնները ցանկացած երկրում բերում են վարչապետի ֆիգուրի փոփոխության: Հայաստանում առավել օպտիմալ գտնվեցին՝ Տիգրան Սարգսյանին փոխարինեցին Տիգրան Սարգսյանով:
Բալքի մի բան էլ իրանք գիտեն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել