Հովհաննես Հարությունյանը այսօր իր մայր բուհ ոտք դրեց ոչ թե որպես ուսանող, այլ որպես ժամկետային զինծառայող: Նա մասնակցում էր «Armenian Legion»-ի (Հայկական լեգեոնի) նախաձեռնությամբ ԵՊՀ-ում կազմակերպված հանդիպմանը՝ Արցախյան պատերազմի մասնակից ազատամարտիկների և ուսանողների միջև: ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայողը նշեց, որ իր համար մեծ պատիվ է ազատամարտիկների կողքին մասնակցել միջոցառմանը. «Նրանք իրենց արյան գնով կերտեցին Հայոց բանակը, որը կանգուն է առ այսօր և ամենահզորն է տարածաշրջանում, և համոզված եղեք, որ նոր սերունդը` ես ու իմ զինակից ընկերները, բոլոր նրանք, ովքեր ծառայում են ազգային բանակում` լինի սպա, թե զինվոր, պատրաստ ենք նույն ոգով կռվել հավանական պատերազմում»,- ասաց Հովհաննեսը:
Հայկական լեգեոնի երիտթևի նախագահը՝ ներկայիս ժամկետային զինծառայողը, հիշեց Վազգեն Սարգսյանի հայտնի մարտակոչը, որտեղ Սպարապետը նշում էր, թե թշնամին նույն թշնամին է, որ ռազմադաշտից փախչում էր. «Ես ձեզ նույն բանը կարող եմ ասել: Հիմա մեր դիմաց կանգնած է նույն թշնամին, որ փախչում էր հայ ազատամարտիկների առջևից Արցախյան պատերազմի տարիներին: Վստահ եղեք` մեր սերունդը իրոք կարող է պաշտպանել իր հայրենիքը»,- ընգծեց զինվորը:
Հեղինակ` Գևորգ Թոսունյան (էջի ադմին)



