Հարձակում գեներալի վրա
Մահափորձերից շատերը միևնույն նպատակն են հետապնդել՝ վերացնել պետության ղեկավարին և հասնել քաղաքական հեղաշրջման։ Ֆրանսիայի հանրապետության նախագահ Շառլ դը Գոլի դեմ կատարված հարձակումները բացառություն են եղել։ Գեներալի վրա հիմնականում հարձակվել են գաղտնի բանակի ներկայացուցիչները (Գաղտնի բանակի կազմակերպություն—Օրգանիզասյոն դը լ Արմե Սեկրետ)՝ փորձելով վրեժ լուծել Ալժիրում պատերազմը դադարեցնելու համար։
Շառլ դը Գոլը Ֆրանսիայի ազգային հերոսներից էր։ Շատերը սիրում էին գեներալին, բայց ոմանք ատելությամբ էին լցված նրա հանդեպ։ Դը Գոլի հակառակորդները շատ էին հատկապես մարշալ Անրի Ֆիլիպ Պետենի կողմնակիցների շարքերում (թշնամու հետ գործակցող Պետենը պատերազմից հետո դատապարտվել էր մահվան, սակայն մարշալը ներում էր խնդրել և գնդակահարվելու փոխարեն դարձել ցմահ աքսորական)։ Այդուհանդերձ, պետենականները հիշաչար էին։
1958 թվականի հունիսի չորսին Ալժիրի կենտրոնական հրապարակում տասնյակ հազարավոր մարդիկ էին հավաքվել։ Ելույթ էր ունենում Շառլ դը Գոլը, խոսելով երկրի աոջև ծառացած խնդիրների և ֆրանսիական կառավարության դիրքորոշման մասին։ Բնակարաններից մեկում, պատուհանի մոտ, դարան էր մտել մի հրաձիգ։ Նշանառուն հիսուն տարեկան էր, հնօրյա ապրանքների մեծ խանութ ուներ։ Երդվյալ ֆաշիստ էր, վաղուց ի վեր արժեզրկված մարշալ Պետենի կույր հետևորդը։ Ուզում էր մեկընդմիշտ հաշիվները մաքրել գեներալ դը Գոլի հետ։ Գեներալը շարունակում էր խոսել, հրաձիգը լսում էր նրան։ Դը Գոլի փաստարկները համոզիչ էին։ Պետենական ահաբեկիչը ցած իջեցրեց հրացանի փողը և մի կողմ շպրտեց փամփշտակալը։ Հետագայում նման «ձախողումներ» ևս եղան:
Անդրե Օրսոնին փորձառու մարտիկ էր։ Մասնակցել էր Հնդկաչինի պատերազմին, իսկ 1960 թվականից ղեկավարում էր «Ազգային հեղափոխական խորհուրդ» հորջորջված ահաբեկչական խումբը: Որոշել էին Շառլ դե Գոլին առևանգել հենց Ելիսեյան պալատից։ Օրսոնին գործողությունը խնամքով նախապատրաստել էր, ոստիկանության սպաների շարքում յուրայիններ ուներ, պալատին մոտիկ զորանոցներում 220 զինվոր սպասում էր համապատասխան կարգադրության։ Երևի հենց այն պատճառով, որ ծրագրին ծանոթ էին մեծ թվով մարդիկ, դավադրությունը բացահայտվեց։
1960 թվականի դեկտեմբերին Շառլ դը Գոլի այցելեց Ալժիր։ Ֆրանսիական գաղտնի ոստիկանությունը տեղեկացել էր, որ նրա դեմ մահափորձ է նախապատրաստվում։ Հետագայում նույնիսկ հաջողվեց պարզել, որ դավադիրները գործելու են Օրլենասվիլի մոտերքում։ Դը Գոլին պիտի սպաներ դավաճան Իլեր Ժերոնիմոն՝ գեներալի թիկնապահներից մեկը։ Վերջինս սպասում էր կենտրոնի հրահանգին։ Կենտրոնը լռում էր։ Ստիպված ինքը գնաց փոստ ու փորձեց հեռախոսով պարզել անելիքը։ Ասացին, որ առայժմ ոչինչ պետք չէ ձեռնարկել, որովհետև դը Գոլը խոստանում է Ալժիրը թողնել ֆրանսիացիների տնօրինությանը։ Մահափորձը, փաստորեն, չիրականացավ, սակայն ֆրանսիական ոստիկանությունն ու գեներալի թիկնապահներն արդեն գիտեին, որ Շառլ դը Գոլը չի կարող վստահել նույնիսկ նրանց, ովքեր կոչված են ապահովելու նրա անվտանգությունը։