Այսօր առավոտյան լրահոսումս մի գրառում տեսա, որն ասես հույսի ճրագ լիներ։ Մի կին դրամապանակ էր գտել՝ բանկային քարտերով ու 40000 ռուբլով (քիչ գումար չէ՝ մոտ 320.000 դրամ) ու փնտրում էր դրամապանակի տիրոջը, որպեսզի վերադարձնի այն։

Շարքային իրադարձություն է ու նորմալ հասարակական հարաբերություններում՝ գովելի, բայց ոչ սենսացիոն արարք, որովհետև նորմալ հասարակական հարաբերություններում գերիշխում է այն ապրիորի ընկալումը, որ քոնն է միայն այն փողը, որը դու աշխատել ես սեփական քրտինքով ու որը քեզ նվիրել կամ կտակել են, մնացած դեպքերում այն քոնը չէ։ Ու երբ դու վերադարձնում ես ուրիշի դրամապանակը, որը կարող էիր նաև չվերադարձնել, դա նորմալ է ու բնութագրում է ՆՈՐՄԱԼ, դաստիարակված ու սոցիալական պատասխանատվություն ունեցող մարդուն։

Սակայն, ցավոք սրտի, այդ նորման ու այդ գիտակցությունը խորթ են մեր ազգաբնակչության մի ստվար զանգվածի համար։ Ու այն փաստը, որ պետական ապարատում տնավորված գանձարանագողերն այսքան շատ են ու այսքան աներես, հենց այդ եղելության ուղղակի պրոյեկցիան է։ Խալյավայի, ձրիակերության ու գողության դեմ իմունիտետ չունեցող հասարակությունը չի կարող ունենալ ազնիվ, քրտնաջան աշխատող ու պետական միջոցները չփոշիացնող քաղծառայողներից ու պետական այրերից բաղկացած պետական ապարատ։

Ու իրոք, ինչո՞ւ պետք է հերմինենաղդալյաններն ավելի քիչ լինեն մի պետության համակարգում, որտեղ փողոցում համարյա յուրաքանչյուր անցորդ նորմալ է համարում կաշառք տալը, լևի լույս ունենալը, հարկեր չվճարելը, ապառիկ վերցնելն ու չփակելը։ Պետք է հասկանալ, որ եթե հենց ԴՈՒ ցանկություն ես ունենում յուրացնելու ուրիշի դրամապանակում եղած գումարը, եթե պատրաստ ես օգտվել կոռուպցիոն սխեմաներից՝ տուգանքից կամ հարկերից խուսափելու համար, ապա, մեծ հավանականությամբ, դու էլ ես ռոումինգում 1,5 միլիոն դրամի զավզակելու, դու էլ ես պետական միջոցների հաշվին գործուղումներում ցոփ ու շվայտ կենսակերպ վարելու, դու էլ ես բյուջեի հաշվին պադավատ ուզելու ու էդ պադավատով երեխայիդ ես դպրոց ուղարկելու, դու էլ ես հարկատուի փողերով ամեն տարի 25 միլիոն դրամի կոնյակ առնելու, որպեսզի դրսի կոլեգաներիդ պատիվ տալիս լավ տղա խաղաս, մի քիչ էլ դու ֆռթցնես։ Այդ ամենը դու էլ ես անելու, ու միակ պատճառը, որ հիմա չես անում, այն է, որ պարզապես չունես իշխանության այն լծակները, որոնք թույլ են տալիս տնօրինել հարկատուների միջոցները։

Ու մինչև մեզ մոտ այս ազգային խասյաթը չվերածվի ազգային պարսավանքի առարկայի, հերմինենաղդալյանները գալու ու գնալու են, ունենալու են այլ անուններ, այլ տեսք, տարիք ու կուսակցական պատկանելություն, բայց մի բան մնալու է անփոփոխ. պետական միջոցները շարունակելու են քամուն տալ ու համարել, որ ոչ մի վատ բան չեն անում, չէ՞ որ այդ ամենը «օդից փող» է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել