Մինչ ժողովուրդը զարմանում էր Հիսուսի կատարած գործերի վրա, նա, դառնալով իր աշակերտներին, ասաց.
-Լա՛վ լսեցեք այս և մի՛ մոռացեք. Մարդու Որդին մարդկանց ձեռքն է մատնվելու։
Սակայն աշակերտները չհասկացան այս խոսքի իմաստը, որովհետև Աստված այն ծածկել էր նրանցից, որպեսզի չհասկանան։ Մյուս կողմից էլ նրանք վախենում էին այդ մասին հարցնել նրան։
Աշակերտներն սկսեցին վիճել իրար հետ, թե իրենցից ո՛վ է մեծը։ Հիսուսը, իմանալով նրանց մտածումը, վերցրեց մի մանուկ և իր մոտ կանգնեցնելով՝ ասաց.
-Ով որ ընդունի այս մանկանը իմ անունով, ի՛նձ ընդունած կլինի, և ով որ ինձ ընդունի, ընդունած կլինի ինձ ուղարկողին, որովհետև ով որ ձեր բոլորի մեջ փոքրագույնն է, նա՛ է մեծը։
Հովհաննեսն ասաց.
-Վարդապե՛տ, տեսանք մեկին, որ քո անունով չար ոգիներ էր հանում և արգելեցինք նրան, որովհետև մեզ հետ չի շրջում։
Հիսուսն ասաց.
-Արգելք մի՛ եղեք նրան, որովհետև ով ձեզ հակառակ չէ, նշանակում է՝ ձեր կողմն է։