PanARMENIAN.Net-ը գրում է.

2018 թվականից մեկնարկելու է Շուշիի և Ասկերանի շրջաններում արևային համակարգերի տեղադրումը՝ ֆոտովոլտային էլեմենտներով և արևային ջրատաքացուցիչներով ապահովելու ծրագիրը: Այդ մասին հայտարարել է Շուշիի «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանի» (ԵՄԱՈՒ) գործադիր տնօրեն Վասպուրակ Կարապետյանը:

Նա ասել է, որ ծրագիրն իրականացվելու է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի միջոցներով, և արևային համակարգերը տեղադրելու են ուսումնարանի աշկերտները, հայտնում է «Արցախպրեսը»:

«Խոսքը վերը նշված շրջանների համայնքային կենտրոններում, դպրոցներում և մանկապարտեզներում արևային համակարգերի տեղադրման, ինչպես նաև Քարին տակ գյուղի բոլոր առանձնատներն արևային ջրատաքացուցիչներով ապահովելու մասին է»,- նշել է նա և ավելացրել, որ, ըստ ծրագրի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախի բոլոր շրջաններում նախատեսված է տեղակայել արևային էներգետիկ կայաններ (solar power stations)։

«Ուսումնարանը ևս ներգրավված է լինելու ծրագրին, քանի որ որոշ մասով համակարգելու է այն»,- ասել է Կարապետյանը և հավելել, որ հայաստանյան «Արփի Սոլար» արևային էներգետիկ համակարգերի տեղադրմամբ զբաղվող ընկերությունը ևս իր մասնակցությունը կունենա՝ ապահովելով նյութամատակարարումը:

Անդրադառնալով ընթացիկ տարում կայանալիք «Բերքառատ Արցախ» խորագիրը կրող հեռուստամարաթոնին, որի արդյունքում հանգանակված գումարի մի մասը կուղղվի Արցախի շրջաններում արևային էներգետիկ համակարգերի տեղադրմանը՝ Կարապետյանը նշել է, որ այն լուծելու է մի շարք խնդիրներ, ինչպիսին, օրինակ, ծախսված էներգիայի համար քաղաքացիների կողմից վճարվող գումարի տնտեսումն է և էներգոհամակարգի ապակենտրոնացումը, որը մեր տարածաշրջանի համար կարևոր նշանակություն ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել