Հանրային մարդիկ մշտապես խնդիր ունեն ոչ միայն լավ տեսք ու կառուցվածք ունենալու, այլև մասնագիտական որակները պահպանելու: Այս երկուսի պահպանման լավագույն միջոցը քունն է` չնայած մեր հայտնիները գիշերային մարդիկ են և հաճախ են կանգնում քիչ քնելու և սխալ սնվելու խնդրի առջև:
Ձանձրալի դիետաների փոխարեն գործածվող տարատեսակ մեթոդների մասին` մեր անդրադարձում:
Ձայնալարերի թշնամիները
Գաղտնիք չէ, որ երգիչ-երգչուհիները ձայնը պահպանելու համար պետք է հրաժարվեն մի շարք վնասակար սովորություններից, օրինակ` ծխելուց, ալկոհոլ օգտագործելուց, գազավորված հյութերից և ձայնալարերի այլ թշնամիներից: Երգահան Վահրամ Պետրոսյանը, չնայած ընդամենը մի քանի անգամ է երգ ձայնագրել, սակայն շատ լավ տեղյակ է, թե ինչն է ձայնալարերի համար վնասակար. «Երգիչները պետք է հրաժարվեն արևածաղկից, ընդեղենից, գազավորված հյութերից, որոնք նստում են ձայնալարերի վրա և դրանց ամենամեծ թշնամիներն են»: Գրեթե միշտ դիետաներ պահող Վահրամը նաև մի փորձված մեթոդ գիտի, որն օգտագործում է նկարահանումներին լավ տեսք ունենալու համար. «Երբ նկարահանվում եմ ամսագրերի համար կամ հեռուստաընկերություններում, ոչինչ չեմ ուտում, միայն ջուր եմ խմում: Շատ եմ լսել, որ արտասահմանցի աստղերը նկարահանումներից առաջ հենց այդ մեթոդն են օգտագործում, որ մարմնի ընդհանուր ուռածությունն անցնի»:
Միշտ լավ կառուցվածք ու ձայն ունեցող երգչուհի Նունե Եսայանը հատուկ որևէ բան չի անում, պարզապես չի ծխում և չի խմում: «Բախտս բերել է, որ շատ ուտել չեմ սիրում, չնայած պարտադիր է երգելուց գոնե երկու ժամ առաջ սնվել: Երբեմն հատուկ ուտում եմ, որպեսզի շատ չնիհարեմ: Ձայնային վարժություններ անում եմ, բայց ոչ այնքան, որքան պետք է»,- խոստովանեց Նունե Եսայանը:
Երգչուհի Էմմին էլ նշում է, որ երբ պայմանագիր ունեին գերմանացիների հետ և բնակվում ու ձայնագրվում էին Գերմանիայում, ամեն օր մարզասրահ, պարի էին գնում. «Ոչ մի գրամ չպետք է գիրանայինք, բայց թաքուն շոկոլադ էինք ուտում: Եթե վոկալիստը ճիշտ դրած շնչառություն ունի, շատ քիչ բան կարող է խանգարել ձայնին, ինչի մեջ շոկոլադը հաստատ չի մտնում»,- հավելեց Էմմին: Նրա խոսքերով` պասիվ կենսակերպ է վարում, սիրում է ազատ ժամանակը տանը անցկացնել, իսկ եթե որևէ երեկույթի է մասնակցում, չի հրաժարվում ալկոհոլից:
Դերասանուհի Լուիզա Ներսիսյանն առավոտյան օգտագործում է խփած ձուն մի փոքր կոնյակի հետ, որն օգնում է ձայնալարերին` տաքացնելով ու բացելով դրանք: «Ներկայացումից առաջ էլ եմ մի փոքր կոնյակ խմում` դարձյալ ձայնալարերս տաքացնելու համար»,- մանրամասնեց դերասանուհին:
Մարզվելը լավ տեսքի գրավական
Վերջերս անցկացված արտասահմանյան մի հարցումից պարզվել է, որ այժմ արտասահմանցի հայտնիները նույնիսկ վիրահատություններ են քիչ կատարում: Ըստ հարցման արդյունքների` վիրահատական միջամտությունները նախորդ տարիների համեմատ զբաղեցրել են երրորդ տեղը: Հայտնիներից շատերը հիանալի տեսք և կառուցվածք ունենալու համար տարատեսակ դիետաների և սովի մատնվելու փոխարեն գերադասում են մարզումներն ու ֆիտնես ակումբներ հաճախելը: Մեր հայտնիներից շատերն էլ այսօր նախընտրում են մարզվել և այդ կերպ ապահովել բեմական լավ կառուցվածք ու տեսք:
Երգահան Վահրամ Պետրոսյանը չգիրանալու համար որոշ սահմանափակումների է դիմում. շաբաթը երեք անգամ մարզասրահ է գնում:
Մշտապես խնամված արտաքին ունեցող դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը համոզված է, որ նկարահանումներից առաջ լավագույն հանգստի միջոցը Spa կենտրոն հաճախելն է:
Երգչուհի Էմմին թեև նշում է, որ գիրանալու հատկություն չունի, այնուամենայնիվ, հաճախում է մարզասրահ, պիլատես, իսկ ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում նաև վազում է:
Հաղորդավար Արչին առանձնապես ջանքեր չի գործադրում լավ արտաքին ունենալու համար: Ըստ իրեն` ընդամենը մեկ անգամ է ավելորդ քաշ հավաքել, այն էլ` վիրահատությունից հետո: Ավելորդ կիլոգրամները Արչին նվազեցրել է սպորտով` լողի հաճախելով: Հաղորդավարը երբեք դիետաներ չի պահել և միշտ սնվել է ճիշտ սննդակարգով` օրը երեք անգամ` առանց հացի և յուղոտ ուտեստների:
Ոչինչ չանել քնի հաշվին
Քունը միակ միջոցն է, որ մարդուն տալիս է լավ տեսք, խնամված և հանգիստ մաշկ: Երգիչ-երգչուհիների համար այն նաև ձայնը «պահպանելու» լավագույն միջոցներից է: Երգչուհի Նունե Եսայանի համոզմամբ ևս` քունը միակ միջոցն է հանգիստ տեսք ունենալու և ֆիզիկապես ուժեղ լինելու համար: «Մենք գիշերային մարդիկ ենք. դրա համար էլ հաճախ չենք կարողանում նորմալ քնել, քանի որ արդեն վարժվել ենք դրան: Հիմա աշխատում եմ գոնե 8-10 ժամ քնել»,- նշեց երգչուհին:
Արչին նույնպես բավականին քիչ է քնում ու երբեք չի էլ մտածում բավարար քնելու մասին: «Եթե ցանկանամ էլ, պարզապես չեմ կարող շատ քնել. օրվա ընթացքում առավելագույնը 5 ժամ եմ քնում»,- հավելեց հաղորդավարը:
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը թեպետ փորձում է SPA կենտրոն հաճախելով լրացնել կատարյալ արտաքին տեսքի պարտադիր պահանջները, այնուամենայնիվ, շատ բաներ հաղորդավարուհին հասցնում է անել հենց քնի հաշվին: «Այդ առումով մի բան կարող եմ ասել. ժամանակը միշտ քիչ է, և մենք շատ բաներ քնի հաշվին ենք անում, որն ավելի շատ է անդրադառնում տեսքի, դեմքի վրա: Ամիսներ առաջ մոտ 4 ժամ էի քնում, այժմ փորձում եմ գոնե 7-8 ժամ քնել, ինչը հազվադեպ է ստացվում: Սակայն եթե հիմա ինձ առաջարկեն երեկոյան աշխատանքից հետո ակումբ գնալ կամ տուն, ես կընտրեմ տուն գնալը»:
Երգչուհի Էմմիի համոզմամբ էլ ձայնագրությունից կամ կենդանի համերգից առաջ պետք է լավ քնել ու չտանջվել, որովհետև ձայնալարերի ամենամեծ թշնամին անքնությունն ու հոգնածությունն են:
Լուիզա Ներսիսյանը ևս թեև բավականին քիչ է քնում, բայց, ինչպես նշեց, «էներգիան դեռևս բավականացնում է օրվա ընթացքում մի շարք գործեր անելու համար»:
Նրանց բախտն իսկապես բերել է
Շատերը հաճախ զարմանում են, երբ որևէ մեկը բավականին լավ սնվում է, սակայն դրանից չի փչանում նրա կազմվածքը: Մեր զրուցակիցներից էլ կային այնպիսիք, ովքեր ոչինչ չեն անում չգիրանալու համար. նրանք պարզապես վայելում են կյանքը իր բոլոր բարիքներով: Նազենի Հովհաննիսյանի խոսքերով` երբեք շատ չի գիրացել. «Ամենաշատը եղել եմ 55 կգ, երբ դժվարանում էի շնչել, իսկ այժմ 50 կգ եմ: Օրվա ընթացքում բավականին քիչ եմ սնվում` 1-2 անգամ: Բայց կարծում եմ, որ սնվելիս պետք է ուտել միայն լավ, մաքուր, առողջ սնունդ»:
Էմմին էլ ուրախությամբ նկատեց, որ գենետիկորեն իր բախտը բերել է այնքանով, որ գիրանալու հատկություն չունի, սակայն մարմինը գեղեցիկ պահելու համար պետք է պահպանել որոշ չափանիշներ. «Ես չաղանալու հատկություն չունեմ, որովհետև հորական կողմիս եմ քաշել, ովքեր հիմնականում փոքր-մոքր են: Ամեն դեպքում սիրում եմ բուսական սնունդ օգտագործել»,- եզրափակեց Էմմին:
Լուիզա Ներսիսյանը ևս նշեց, որ ոչ մի սահմանափակման չի դիմում և սիրում է վայելել կյանքի ամեն վայրկյանը: «Ուտելու արարողությունը նույնպես ինձ համար տոն է. վայելում եմ ամեն մի գրամը, թեպետ քչակեր եմ»,- նշեց Լուիզան: