Wnews.am-ը գրում է.
Նադեժդա Բենկլյանը Վրաստանում առաջին և առայժմ միակ կին օդաչուն է։ Sputnik–ին տված հարցազրույցում նա պատմել է, թե ինչպես է որոշել ավիացիա գնալ։
25 տարեկան Նադեժդա Բենկլյանը Վրաստանի առաջին կին օդաչուն է։ Մի քանի ամիս առաջ սկսել է աշխատել վրացական «Georgian Airways» ավիաընկերությունում և ապացուցել, որ կինը կարող է տղամարդու մասնագիտությամբ աշխատել և ինքնաթիռ վարել նույնքան լավ, որքան տղամարդը։ Նրա հետ զրուցել է Sputnik Գրուզիան։
– Նադեժդա, աղջիկները սովորաբար երազում են դերասանուհի, մոդել, բժիշկ դառնալ, բայց օդաչու… Ինչպե՞ս ծնվեց այդ գաղափարը։
— Հայրս ավիատոր էր։ Մանկուց ինձ շրջապատում էր ավիացիան, ես նույնիսկ ապրում եմ օդանավակայանի մոտ գտնվող ավանում (Թբիլիսիի ծայրամասում)։ Ես մշտապես տեսնում էի, թե ինչպես են օդ բարձրանում և վայրէջք կատարում ինքնաթիռները, բայց օդաչու դառնալու ցանկություն չունեի։ Օրինակ չունեի աչքիս առաջ։
– Իսկ հայրի՞կը։
— Հայրիկը, այո, բայց ես նկատի ունեմ` կնոջ օրինակ։ Ոչ մի կին օդաչու չկար։ Երբ ես մոտավորապես 15 տարեկան էի, առաջին անգամ հորս հետ երկինք բարձրացա, և ինձ շատ դուր եկավ։ Հենց այդ պահին ինձ մոտ միտք հղացավ` իսկ ինչո՞ւ օդաչու չդառնալ։ Իհարկե, այն ժամանակ ես այդ մասին ոչ մեկին չասացի։
Իմ մտադրության մասին ծնողներիս հայտնեցի միայն այն ժամանակ, երբ ավարտեցի դպրոցը։ Նրանք զարմացան, բայց ասածս լուրջ չընդունեցին։ Հայրս խորհուրդ տվեց հրաժարվել այդ մտքից։ Իսկ մայրս ասաց, որ անդադար նայում է երկինք և սպասում հորս վերադարձին ու չի ուզում նաև ինձ սպասել։ Չնայած դրան, ես շարունակում էի պնդել, փորձում էի համոզել ծնողներիս և արդյունքում կարողացա հասնել ուզածիս։ Այդպես ես հայտնվեցի Վրաստանի Ավիացիոն համալսարանում։
– Հավանաբար, կուրսում դուք միակ աղջիկն էիք և ձեզ ձեռքերի վրա էին պահում։
— Մինչև իմ ընդունվելը կուրսում աղջիկներ չէին եղել, բայց իմ ընդունվելու տարում մենք արդեն երեքն էինք։ Աղջիկներից մեկը չկարողացավ ավարտել ուսումնարանը։ Բանն այն է, որ ամեն տարի մենք բուժզննում ենք անցնում, և նա առողջական խնդիրների պատճառով չկարողացավ օդաչու դառնալ։ Երկուսս կարողացանք ավարտել Ավիացիոն համալսարանը։ Պարզապես ես արդեն աշխատում եմ, իսկ երկրորդ շրջանավարտն աշխատանքի է սպասում։ Ես առաջին և առայժմ միակ կին օդաչուն եմ Վրաստանում։
Համալսարանում ուսանելու տարիներին մարդիկ երկու խմբի բաժանվեցին։ Մի մասին դուր էր գալիս աղջիկների ներկայությունը, մյուսները թերահավատորեն էին նայում մեզ և մեր ընտրությունն անլուրջ քայլ համարում։ Բայց անձամբ ինձ վրա դրական ազդեցություն ունեցավ, քանի որ ես որոշեցի ապացուցել բոլորին, որ կարող եմ օդաչու դառնալ։ Այդ մասնագիտությունը տղամարդկային ուժ չի պահանջում։ Օդաչուն պետք է ճկուն, խելացի լինի, կարողանա արագ կողմնորոշվել և յուրացնել ուսումնական նյութերը։
– Պատմեք ձեր առաջին թռիչքի մասին։
— Առաջին թռիչքից ստացած տպավորություններն անհնար է փոխանցել, որևէ բանի հետ համեմատել։ Ես չէի հավատում, որ դա իսկապես ինձ հետ է կատարվում։ Միլիոնավոր տպավորություններ ստացա և աննկարագրելի զգացողություններ ունեցա։
Առաջին թռիչքի ժամանակ ազատություն չես զգում։ Առաջին թռիչքն էյֆորիա է։ Իսկ արդեն երրորդից, տասներորդից հետո դու ազատության զգացում ես ունենում, սկսում ես գիտակցել, որ այն, ինչ կատարվում է, քո որոշակի գործողությունների արդյունք է։
Երբ ուղևորներն ինձ տեսնում են, ոմանք ուշադիր նայում են, ոմանք հիանում, բորտ-ուղեկցորդուհիներին հարցնում են իմ մասին, հետաքրքրվում են` ես օդաչու եմ, թե ոչ։ Փափուկ վայրէջքների ժամանակ ինձ ծափեր են նվիրում, ժպտում են ինձ։ Ջերմություն և լավ վերաբերմունք եմ ստանում ուղևորներից, ինչը հաճելի է և ուժ է տալիս աշխատելու համար:
Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ