Երևանում շարունակվում է 2017-ի աշուն-ձմեռ քաղաքական եթերաշրջանի գլխավոր դիվերսիոն օպերացիան, ու այսօր արդեն կարելի է հասկանալ, թե ովքեր են դրանում ներգրավված մարիոնետների տիկնիկավարներն ու ինչ հաշվարկներով են առաջնորդվում։ Հետաքրքրականն այն է, որ անունները սկզբունքային նշանակություն չունեն, ու ամենևին պարտադիր չէ, որ գլխավոր տիկնիկավարը հայկական անուն-ազգանուն ունենա։ Սակայն էական է, որ այս անգամ այդ չարաբաստիկ տիկնիկավարներն ավելի լավ են պատրաստվել դիվերսիոն օպերացիային ու ավելի լուրջ կադրային և մարտավարական մշակման փուլով են անցել, քան դա «Էլեկտրիկ Երևան»-ի դեպքում էր կամ էլ տխրահռչակ Սասնա ծռերի։
Անուններն էական չեն, որովհետև անհատների ուժերից վեր է նախաձեռնել մի բան, որտեղ իրենց ռեսուրսները կմիավորեն Սասնա ծռերի խմբակի անդամները, ՕՐՕ-ական ակտիվն ու ԵԼՔ-ը։ Միակ մտահոգիչ փաստն այն է, թե ինչու են այդքան անզգույշ գտնվել ու նոր «Մաքսիմ Սարգսյան ու Վաղինակ Շուշանյան»-ի քասթինգի արդյունքում ընտրել ակնհայտորեն իրենց վրա մատնանշող մարիոնետների, ինչպիսին ԵԼՔ-ական պատգամավոր Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանն է։ Սա իրոք տարակուսանք է առաջացնում, եթե հաշվի առնենք, թե ինչ հաջող ընտրություն է կատարված մյուս գլխավոր մարիոնետի՝ Դավիթ Պետրոսյանի մասով․ հա՛մ ծառայած է, հա՛մ Ապրիլյանին է կամավորագրվել, հա՛մ լավ ուսանող է։ Էլ չխոսենք այլ կերպարների մասին, ովքեր այս երկուսի ստվերում մի քիչ աննկատ են մնում, բայց նրանց մեջ էլ կարելի է գտնել վերոնշյալ քաղաքական ուժերի համակիրների ու երիտակտիվի ներկայացուցիչների։
Ինչևէ, այս փուլում արդեն հասկանալի է, թե ինչ դրույք են արել տիկնիկավարները․ առաջին փուլում ստեղծում են բողոքի ալիք՝ երիտասարդության համար հասկանալի ու ընկալելի էմոցիոնալ հարցի շուրջ (տարկետում չի լինելու, բոլորիս բանակ են տանելու), երկրորդ փուլում ցույց են տալիս «ռեժիմի» հետ բանակցելու անիմաստությունը (տապալված հանդիպումները Լևոն Մկրտչյանի, Վիգեն Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի հետ), իսկ երրորդ փուլում արդեն պետք է տեղի ունենա էսկալացում, որն իմպուլս կհաղորդի փողոցային պայքարին ու ավելի կմասսայականացնի այն։ Միջազգային փորձն ու գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիաները հուշում են, որ դա հնարավոր է միայն բախման դեպքում, երբ մինչև այդ փիառված «պուպուշ ու խելոք այդ երեխաներին» կծեծեն/կնեղեն/ռեպրեսիաների կենթարկեն։ Իդեալական տարբերակում լավ կլինի, որ դա տեղի ունենա ուղիղ եթերով՝ տեսախցիկների առջև, բայց եթե անգամ այդպիսի հնարավորություն չստեղծվի ոստիկանության կողմից, միշտ կարելի է կազմակերպել բեմադրություն, ու արդեն կապտուկներով ու քերծվածքներով մարիոնետները կսկսեն տեսախցիկների առջև պատմել, թե ինչպես անհայտ անձինք իրենց բռնության ենթարկեցին ու սպառնացին, որ ակցիաները չդադարեցնելու դեպքում ավելի վատ կլինի։ Ընդ որում՝ չի բացառվում, որ տիկնիկավարները վաղօրոք չզգուշացնեն էլ իրենց մարիոնետներին, որ հանուն «սուրբ գործի» անհրաժեշտ է ծեծ ուտել, և վերջիններս ամենայն անկեղծությամբ կարող են հավատացած լինել, որ իրենց իրոք «ռեժիմն է» ծեծել։
Ողջ հարցն այն է, թե ովքեր են այդ տիկնիկավարներն, ու մինչև ուր է հասնում մարիոնետների բուրգի գագաթը։ Իսկ հարցերի հարցն այն է, թե հանուն ինչի է այս ամենն արվում և արվում հենց հիմա։ Կրիմինալիստիկայի մեջ մի հայտնի սկզբունք կա՝ միշտ փնտրեք, թե ում է սա ձեռնտու։ Դա դեռ այդքան ակնառու չէ, բայց ամեն ինչ տանում է նրան, որ ի վերջո ռուսական «գազային» հետք է հայտնաբերվելու, իսկ շահողների կաբինետները լինելու են հենց պետական համակարգում ու դրա ոչ ամենացածր էշելոններում։