Իսկ այն մի քանի ճղճիմ, դժգույն ու տխուր տղաները, այն պատանի ծերունիները, որ արեւից ու պայքարից խուսափելով` դպրոցի մութ անկյուններում թուղթ են մրոտում, նրանց դպրոցեդպրոց, երկրեերկիր, համալսարանեհամալսարան ենք ուղարկում:

Խեղճերը... Նրանք լցնում են պանդուխտ ուսանողի գերեզմանները, նրանք լցնում են հարուստի նախասենյակներն ու վաճառականի գրասենյակները, հիվանդանոցի խշտյակները նրանք են լցնում...

Ու պատահում է մեզ հետ այն, ինչ ոչ մի քաղաքակիրթ ազգի հետ չի պատահում:

Մեր գյուղացի ու շուկայի դասակարգն ավելի մտածող է, քան այն, որ մտավորական է կոչվում: Ընթերցողն ավելի ողջամիտ է, քան գրողը, առաջնորդվողը ավելի հեռատես է, քան առաջնորդողը...

ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ
1911 - Լոզան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել