Ասք Տարոն-Կամիկաձեի մասին

Լինում է, չի լինում, հեքաթային մի գեղեցիկ քաղաք է լինում, ու այդ քաղաքն էլ մի հեքիաթային միամիտ/մանկամիտ/անհեռատես/դմբլո (ընտրի՛ր քո տարբերակը) քաղաքագլուխ է ունենում։ Քաղաքագլխին Տարոն-Կամիկաձե ասելիս են լինում, քանի որ նա նախանձելի հաճախականությամբ քայլեր և որոշումներ կայացնելիս է լինում, որոնց արդյունքում հանրությունը նրան ամեն անգամ անարգանքի սյունին էր գամում, ու ի՜նչ ասես, ասում։ Ու միայն Տարոն-Կամիկաձեին և յուր գանձապահին էր հայտնի, թե հանուն ինչի էր պետք այդքան զոհողությունների գնալ։

Մի օր 2018 թվականի բյուջեն են հրապարակում այս հեքիաթային քաղաքում, և բնակիչները զարմանքից քար են կտրում, որովհետև բոլորվին վերջերս անարգանքի սյունի հերթական սեանսից պրծած Տարոն-Կամիկաձեն գերազանցել էր ինքն իրեն։ Բնակիչները, ասել ռուսների, офигели, երբ պարզեցին, որ Տարոն-Կամիկաձեն որոշել է 79 միլիոն դրամով վերելակ փոխել յուր պալատում, մինչդեռ տարիներ շարունակ բողոքում են, որ քաղաքի տասնյակ ու հարյուրավոր վերելակների փոխարինումը դանդաղում է փողի սակավության պատճառով։ Բնակիչների մոտ անաֆելակտիկ շոկ առաջացավ, երբ պարզեցին, որ Տարոն-Կամիկաձեի մոտ դեռ տարիներ առաջ ի հայտ եկած դրոշների ֆետիշը հերթական սրացումն է ունեցել, ու այս տարի դա իրենց վրա նստելու է 45 միլիոն դրամ։ Բնակիչների հոգու ու սրտի բոլոր անկյուններով կարմիր գծեր անցան, երբ պարզվեց, որ բոլոր ժամանակների ամենաարդյունավետ քաղաքագլուխ Տարոն-Կամիկաձեն որոշել է, որ 444 միլիոն դրամ էլ պետք է տրամադրվի կարմիր գծեր գծելու ու ցուցանակներ տնկցնելու համար։

Մի խոսքով՝ բնակիչները հասկացան, որ այսքան արդյունավետ Տարոն-Կամիկաձեն դեռ չէր եղել, այն աստիճան արդյունավետ, որ անարգանքի սյան մեծությունը պետք է վերանայել՝ նման փառապանծ ինքնազոհությունն ըստ արժանվույն պարսավելու համար։ Ու միայն պարոն Տարոն-Կամիկաձեն էր հանգիստ ու անվրդով, որովհետև հրաշք քաղաքի դժգոհ բնակիչների ուշունցների տարափի տակ լինելու արդեն վարժվել էր, իսկ դեռ տարիներ առաջ հայտարարագրված 6 միլիոն դոլարանոց բանկային հաշվի թվի դրական փոփոխություններին երբեք չես վարժվում։ Համ էլ նոր վերելակով է գործի գնալու շուտով, ի՞նչ վատ է որ։ Իսկական կամիկաձեն ավելի մեծ զոհողությունների էլ է պատրաստ, քան մի միլիոն բնակչի թուքումուրի թիրախ դառնալը․․․

Կից նյութն՝ այստեղ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել