Պարտադիր զինծառայության օրինագծի դեմ բողոքող ուսանողների այս օրերի ակցիաներին ոչ միայն խնդիր բարձրացրած երիտասարդները, այլև որոշ պատեհապաշտներ են մասնակցում: Ջրերի պղտորվելու ժամանակ սովորական երևույթ է, բայց անպատասխանատվությունն էլ պիտի սահման ունենա: Օրինակ՝ մաթեմատիկայի ֆակուլտետի դոցենտ ներկայացած ոմն Սաղաթելյան լրատվամիջոցներին հայտարարում է, թե ուսանողների փոխարեն ճիշտ կլինի «միլիցեքին» բանակ տանեն: Դոցենտը, որ նաև մանկավարժ է ենթադրում, գոնե ճերմակած մազումորուքի տարիքում պիտի իմանար, որ «միլիցեք» չի, «ոստիկաններ» է:
Երկրորդ՝ պիտի տեղյակ լիներ, որ ոստիկանությունում ծառայողը պարտադիր պետք է զինծառայություն անցած լինի:
Երրորդ՝ այդ ոստիկանները մասնակցել են Արցախյան ազատամարտին, հետո՝ Քառօրյա պատերազմին, ու ամեն պահ պատրաստվում ու պատրաստ են, որպես բանակի առաջին ռեզերվ, մեկնելու ռազմաճակատ:
Չորրորդ՝ այդ ոստիկաններից շատերը ոչ միայն զինծառայությունից վերադարձել ու ծառայում են ոստիկանությունում, այլև ծառայելուն զուգահեռ սովորում են բարձրագույն ուսումնական հաստատություններում: Հատուկ շեշտում եմ «ծառայություն»-ն ու «սովորել»-ը, որպեսզի մասնագետ ու քաղաքացի դաստիարակողը հասկանա, որ ծառայությունն ու սովորելը հականիշներ չեն, այլ հաճախ հոմանիշներ են: Տասնութ տարեկանը, էմոցիաներին տրված, գուցե սա դժվար ըմբռնի, բայց, կարծում եմ՝ դոցենտը, այն էլ՝ մաթեմատիկայի պրագմատիկ ոլորտի, պարտավոր է ընկալել, հակառակ դեպքում ինչպես ու որ գիտության տարածքներն է առաջնորդում իր ուսանողներին…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/1836579333036613
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել