Հերթական բախումն է տեղի ունենում, որի գլխավոր հերոսը կրկին ոստիկանն է: Հասկանալի է, որ մարդիկ պատրաստ չեն առանց դիմադրելու նույնիսկ ժեկի պետի աթոռը զիջել, իսկ այստեղ կոնի վրա դրված է մի մեծ պաշտոն՝ իր զորքով և մնացած թաշախուստով:
Ապրիլի 9-ի իրադարձություններից և դրանց տեսագրություններից պարզ դարձավ, որ ոստիկանությունն էլ ունի իր գորշ կարդինալին, որի պաշտոնավարման ավարտի մասին խոսակցությունները վերջին տարիներին անընդմեջ էին: Եվ ահա, հասկանալի դարձավ, որ անհնար է անընդմեջ անտեսել պետական հիմնարկության մեջ եւս մեկ պետական հիմնարկ ստեղծած մեկին, քանզի թե՛ համբերության բաժակն էր լցվել, թե՛ Րաֆֆու հետ աղոթած նոր ոստիկանապետը առաջին տարին չէ, որ պետական համակարգին ծանոթ է:
Ուստի հեռացման հրամանը իրեն երկար սպասել չտվեց: Ինչը ինձ համար՝ որպես քաղաքացու, բան էլ չփոխեց: Այ, այն, ինչ եղավ հետո, բավականին ուշագրավ է:
Սկզբից բոլոր հնարավոր ձևերով սկսեցին լուրեր տարածել, թե պաշտոնանկ արված ոստիկանին տեղափոխում են մեկ այլ, ոչ պակաս կարևոր պաշտոնի: Դրանով կարծես հուշելու փորձ արվեց, թե ինչ լուծում տալ իրավիճակին:
Երբ դա չստացվեց, սկսվեց մեկ այլ, ոչ պակաս հետաքրքիր գործընթաց, որով փորձ կատարվեց զրոյացնելու նորանշանակ պաշտոնյային, ինչն այդպես էլ իրական արդյունք չունեցավ: Ո՛չ Ռևազ կա, ո՛չ ոչխարները: Բայց կարծում եմ, որ նման զարգացումը կարող է բերել նորանոր դեպքերի և անունների հանրայնացմանը, որոնք սերտաճած են: Որը մեր երկրում կարող է բան փոխել: Տեսնո՞ւմ եք, իսկ դուք ասում էիք՝ ապրիլի 9-ի երթը բան չտվեց մեր երկրին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել