Փոքր-ինչ շեղեմ ձեր ուշադրությունը հանապազօրյա գաղջից։
Երեկ տեղեկություն տարածվեց, որ շատ հնարավոր է՝ «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը ֆինանսական աջակցություն ցուցաբերի Հայաստանի բարձրագույն խմբի չեմպիոն «Ալաշկերտին»։ «Տաշիր գրուպ»-ի նման կազմակերպության հովանավորությունը ռեալ շանս է, որպեսզի Ալաշկերտը լուրջ հաջողությունների հասնի նաև Եվրոգավաթներում։ Հայաստանի ակումբային ֆուտբոլի պարագայում համակարգային հաջողություններ գրանցել հնարավոր չէ. առաջնության մակարդակը շատ ցածր է, թիմերը քիչ են, ֆինանսավորումը՝ ևս, ֆեդերացիան համակարգային լուծումներ չունի, մարզադաշտեր չկան, սպորտային լրագրությունը ցածր մակարդակի վրա է,
հետևաբար միակ տարբերակն անհատական մոտեցումն է՝ հուսալով, որ տնտեսական վերնախավից ինչ-որ մարդիկ, աչքի տակ ունենալով ադրբեջանական Ղարաբաղի օրինակը, թասիբի կընկնեն ու կփորձեն անհատական ֆինանսավորմամբ ոտքի կանգնեցնել առանձին ակումբների։ Ֆուտբոլային ակումբն այցեքարտ է Եվրոպայում, որը երկրին բերում է ճանաչում, առաջացնում հետաքրքրություն։ Պետական միջոցներով ֆուտբոլ պահել մեր երկրում, հատկապես այս ժամանակահատվածում, դառնում է գրեթե անհնար։ Պետության միակ դերակատարումը պիտի լինի գործարարին համոզելը, որպեսզի վերջինս հովանավոր կանգնի թիմերին։ Կարապետյանին պետք է բացատրել, որ, ի տարբերություն բիզնեսի յուր ընկալումների, ֆուտբոլը կոմերցիոն առումով լավագույն տարբերակը չէ (եթե չի հավատում, կարող է հարցնել Ռոման Աբրամովիչի կամ Ալիշեր Ուսմանովին, որոնք Չելսիին ու Արսենալին հովանավորելուց հետո կորցրել են գրեթե 2 միլիարդ դոլար):
Օլիգարխիան մշտապես գործիք է պետության համար զանազան գործառույթներ կատարելու հարցում, և ցանկացած պահի պետության դեմ դուրս գալու, նեղսրտելու պարագայում այն կարող է շատ լուրջ խնդիրներ ունենալ։ Ֆուտբոլով գործարար զանգվածը ոչ միայն ռեաբիլիտացվում է, այլ նույնիսկ սկսում շահել հանրության որոշակի հատվածի համակրանքը։ Օրինակ, եթե օրերից մի օր Վլադիմիր Պուտինը որոշի պատժել Ռոման Աբրամովիչին, ոտքի կկանգնեն ոչ միայն ռուսական ֆուտբոլի մարդիկ, այլև Լոնդոնի 1/4-ը, որոնք պաշտում են գործարարին, քանի որ «Չելսիին» վերջին 50 տարում չեմպիոնություն պարգևողը հենց Աբրամովիչն էր։ Հայաստանում իշխանությունն ու օլիգարխիան, իհարկե, սերտաճած են, սակայն այնպես չէ, որ այստեղ ամեն ինչ հարթ է։ Ֆուտբոլը կարող է հանդիսանալ յուրատեսակ բուֆերային գոտի, յուրահատուկ Ռուբիկոն, որը կողմերը չեն հատի, որովհետև այստեղ արդեն շահերի խոշոր բախում կլինի, հետևաբար ֆուտբոլային ակումբների ֆինանսավորմամբ պետություն-օլիգարխիա հարաբերությունների տրանսֆորմացիան կարող է տեղի ունենալ շատ արագ, ու այս դեպքում հանրությունը նույնպես կլինի այս հարաբերությունների շահառուն՝ ունենալով քիչ, թե շատ որակյալ ֆուտբոլ: