Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ որդեգրել է երկարատև հյուծիչ պատերազմի ռազմավարություն և այն իրականացնում է ամենօրյա ռեժիմով: Ակնհայտ է, որ պատերազմում պարտված Ադրբեջանը բանակցային գործընթացում, որքան էլ անտրամաբանական է, հանդես է գալիս մաքսիմալիստական դիրքերից, ինչպես ընդունված է ասել, «հաղթանակ-հաղթանակ» սկզբունքով՝ ունենալ ամեն ինչ առանց որևէ բան զիջելու: Եվ սա պարտվող կողմի ռազմավարությունն ու մարտավարությունն է, որը, թեև աբսուրդի է նման, բայց ունի օբյեկտիվ հիմքեր:
Բանն այն է, որ նման պահվածքի համար Ադրբեջանն ունի երկու կարևորագույն պատճառ.
ա) ներքին նախադրյալ. մի քանի անգամ գերազանցող մարդկային ու ֆինանսական ռեսուրս,
բ) ամենակարևորը, արտաքին նախադրյալ. հայկական կողմի դիրքորոշում, ըստ որի՝ նա պատրաստ է զիջելու Արցախի Հանրապետության տարածքի մի մասը (ազատագրված տարածքներ) և, որպես սրա շարունակություն, պատերազմի ադրբեջանական մենաշնորհ, որ երբ Բաքվի համար նպաստավոր պահ է, լարում է իրավիճակը և իրեն ձեռնտու ժամանակ էլ՝ նվազեցնում լարվածությունը (կա նաև երրորդը՝ միջազգային հանրության դիրքորոշումը, բայց սա այս տեսանկյունից համարում եմ ավելի շատ անուղղակի նախադրյալ, դրա համար չեմ ընդգծում):
Փաստորեն, Բաքուն արդեն իր նվազագույն պահանջը բավարարված է տեսնում, հետևաբար, ունենալով նաև ռեսուրսային գերազանցություն, ինչո՞ւ առաջ չքաշել առավելագույն պահանջը, գուցե ավելի կմեծանա իր հասանելիքը։ Կստացվի, լավ, չի ստացվի, միևնույն է, նվազագույնը կա ու կա:
Եթե իրատեսորեն նայենք, սա ոչ այնքան Ադրբեջանի լկտիության արտահայտություն է, որքան նրա հակառակորդ կողմից եկող ազդակների նկատմամբ համապատասխան ռեակցիան, որը քաղաքագիտության մեջ շատ պարզ կոչվում է քաղաքական վարք:
Իսկ որպեսզի նրա վարքը փոխվի, Հայաստանը պետք է փոխի իր քաղաքական, դիվանագիտական ու ռազմական ազդակները՝ շեշտադրումների, թե բովանդակության առումով, դա արդեն տեխնիկայի հարց է: