Քանիցս անդրադարձել եմ Ալեքսանդր Մանթաշյանցի կյանքին և գործունեությանը, ինչպես նաև նրա կատարած բարեգործությունների մանրամասներին: Այս անգամ, սակայն, կխոսեմ նրա մեծ որդու` Լևոնի գործունեության մի փոքր դրվագի մասին:
Լևոնը հոր մահից հետո (1911) հաստատվել էր Մոսկվայում և ընտանեկան բիզնես-գործունեությունը կոորդինացնում էր այնտեղից: Ցարական մայրաքաղաքում նա մի քանի առանձնատուն ուներ, որոնց արտաքին ճակատային հատվածում պատկերված էր Մանթաշյանցների ընտանեկան նշանը` լատինական «M» տառը: Կրտսեր Մանթաշյանցին էր պատկանում նաև «Սև կարապ» անունով առանձնատունը, որը նա ձեռք էր բերել մի գիշերվա մեջ, թղթախաղով` հաղթելով ռուս ազնվական միլիարդատեր Նիկոլայ Ռյաբուշինսկուն (Ռյաբուշինսկին նաև «Ոսկե գեղմ» ամսագրի հիմնադիր-խմբագիրն էր), ով թղթախաղի նկատմամբ առանձնակի թուլություն ուներ: Նույն գիշերը Լևոնն իր երկու «Ռոյս Ռոյս» մեքենաների շարքին ավելացրեց նաև Ռյաբուշինսկու «Ռոյսը»: Ի դեպ՝ նշեմ, որ այդ հանգամանքը տվյալ ժամանակահատվածի համար աննկարագրելի, անգամ անթույլատրելի ճոխություն էր, քանի որ, օրինակ, Նիկոլայ Երկրորդ ցարն անգամ ուներ մեկ «Ռոյս Ռոյս»:
Հ.գ. Լևոն Մանթաշյանցը մահացավ էմիգրացիայի մեջ, Փարիզում, 1955-ին. հեղափոխությունից հետո նա տեղափոխվել էր այնտեղ․ նա այդ ժամանակ հասարակ տաքսու վարորդ էր: