Վերջերս հաջախ զգում եմ, որ գրում եմ մի բանի մասին, ինչը ինքս էլ չգիտեմ ինչ է, ինչը ինքս էլ չեմ հասկանում, թե ինչու ուզում եմ բացահայտել եւ ուզում եմ բացահայտել գրելով: Միշտ էլ մտածել եմ, որ խնդրի մասին չխոսելով այդ խնդիրը չի անհետանում, սակայն հաճախ եմ խուսափում իմ խնդիրներից, հոգսերից, երբեմն էլ` փախչում եմ ու թաքնվում: 

Այսօր ուզում եմ Ձեզ հետ խոսել քարերից: Ոչ թե, որ Դուք չգիտեք, թե  ինչ է քարը, այլ այն բանի համար, որ տրանսպորտ, հինքս եմ ուզում  հասկանալ, թե ինչ է  քարը եւ որովհետեւ վերջերս որոշ համեմատություն եմ արել մարդկանց եւ քարերի միջեւ կփորձեմ մտքերս արտահայտել գրառմանս մեջ:

 

Վերջերս քայլում էի փողոցով /սիրում եմ քայլել, հազվադեպ եմ օգտվում հասարակական տրանսպորտից/ եւ կոշիկիս տակ մի քար ընկավ: Շատ սուր քար էր եւ ոտքս ծակեց, սկսեցի մտածել, որ քարերը նման են մարդկանց, երեւի դա միտքս եկավ այն պատճառով, որ եթե այդ պահին քարն էր ծակել ոտքս, ապա դրանից առաջ մարդիկ էին ծակել ինձ /այս բառի իմաստը պետք է այս դեպքում հասկանալ վիրավորել/  եւ երկուսն էլ ինձ ցավ էր պատճառել: Մտածում եմ, որ մարդիկ կան, որոնք սալաՔԱՐի են նման տափակ են, կան եւ մարդիկ, ովքեր անգին ՔԱՐեր են, սրանք շատ քիչ են` հազվադեպ են հանդիպում: Կան տաշած ՔԱՐեր, ովքեր հաստատ գետնին չեն մնալու, ինչպես գիտակ եւ բանիմաց մարդիկ: Կան նաեւ ՔԱՐսիրտ մարդիկ, որոնց ավելի լավ չէ կյանքում չհանդիպել: Հանդիպում են նաեւ թանկագին ՔԱՐեր, որոնք ներսից որդնած են լինում, իսկ դրսից գեղեցիկ են եւ անթերի, բայց դա ժամանակավոր է, ինչպես եւ այն մարդկանց դեպքում, ովքեր այն չեն ինչ ներկայացնում են իրենցից: Նաեւ կան մարդիկ, ովքեր ՔԱՐ-ի դեր են տանում, ամբողջ կյանքի ընթացքում, լուռ եւ համբերատար լսելով եւ ՔԱՐ լռություն պահելով: Կան մարդիկ, ովքեր ՔԱՐ են դառնում այլոց ձեռքին ինչ-որ մեկին հարված հասցնելու նպատակով: Կարեւոր է կյանքում, յուրաքանչուր շինության համար, սկզբնաՔԱՐ-ի եւ անկյունաՔԱՐ-ի դերը, ինչպես մեր կյանքի որոշ ոլորտներում հիմնադիր անձանց դերն է կարեւոր: Շատ կարեւոր է կյանքում տարբերակել արհեստական ՔԱՐ-ը, իսկականից եւ թանկարժեքից, ինչպես բարի մարդուն չարից, ճիշտը` կեղծից, սխալից եւ թացը` չորից: ՍահմանաՔԱՐը նույնպես մեծ նշանակություն ունի, որ ամենքս իմանանք մեր սահմանը եւ կան մեր շրջապատում մարդիկ, ովքեր այդ դերն են կատարում: Եվ վերջապես մարդու կյանքի ողջ ընթացքի եւ նրա անցած ուղու եւ գործունեության մասին է խոսում նրա շիրմաՔԱՐն ու տապանաՔԱՐը, քարերից ամենատխուրներն ու ամենածանրերը: Եվ վերջապես մեր երկրում` մեր ՔԱՐերի երկրում` մեր Հայաստանում, յուրաքանչուրս մեկ ՔԱՐ ենք եւ ինքներս ենք որոշում, թե ինչպիսի ՔԱՐ կլինենք` սալաՔԱՐ, ում տրորելով անց են կենում, անկյունաՔԱՐ,  առանց ում ամեն ոչինչ հնարավոր չէ, թե պարսատիկի ՔԱՐ:
Եվ վերջում ուզում եմ բոլորիդ մաղթել հաջողություն <Գտե’ք Ձեր իմաստության եւ երջանկության ՔԱՐ-ը>:

Շարունակությունը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել