Պարզվում է՝ խաղողի օղու արտադրությամբ զբաղվելու լիցենզիա ստանալու համար քաղաքացին (տնտեսվարող սուբյեկտը) պարտավոր էր տարեկան վճարել 3 մլն դրամ այն դեպքում, երբ մյուս մրգերից ու հատապտուղներից օղու արտադրության լիցենզիան ընդամենը 50 000 դրամ էր (տարեկան), այսինքն` խաղողը միրգ չէ, ոչ էլ հատապտուղ, ՔՅԱԼԱՄ է կամ էլ լոբազգիների ընտանիքի բանջար...
Պարզվում է, որ այս անհեթեթությունը եզակի չէր համապատասխան օրենքում. գինու արտադրողներն էլ ստիպված էին արտադրության ընթացքում գոյացող մնացորդները վերամշակելու համար պետական տուրք վճարել ՝ նորից 3 մլն դրամ։ Չգիտեմ, անհեթեթ օրենքները խաղողագործության վերաբերյալ էսքանով սահմանափակվում են, թե չէ... բայց, թեկուզ էսքանին եթե ավելացնենք նաև խաղողի մեկ կիլոգրամի արժեքը մթերման կետերում՝ հասկանալի է դառնում, թե ինչու խաղողի այգիները մարդիկ սկսել են քանդել ու տեղը նռան այգիներ հիմնել։
Ամեն դեպքում, ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք...
Այսօր մեր կառավարությունը բացահայտել է, որ խաղողը նույնպես միրգ է, ոչ թե քյալամ։
Ու խաղողի օղու արտադրության լիցենզիայի գինը հավասարեցրել է բոլոր մրգերից օղու արտադրության համար լիցենզիայի գնին, ու դեռ իբր չէիք հասկանում, թե ինչու խաղողագործությունը չի զարգանում։