«Երեկ ոստիկանապետ Վովա Գասպարյանը զբաղեցրած պաշտոնից ազատել և կադրերի տրամադրության տակ է ուղարկել Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանին: Անցած շաբաթ մենք հրապարակեցինք ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրներից ստացված մի տեղեկություն, որ ՀՀ ոստիկանության բարձրաստիճան մի քանի պաշտոնյաների կողմից ստեղծվել է ֆինանսական բուրգ, որ քաղաքացիներից խաբեությամբ փողեր է կորզել և «սկել» («Կորզել են ու սկել»,«ՀԺ», ապրիլի 13,2013): Մեր ունեցած տեղեկություններով Ներսիկ Նազարյանի պաշտոնանկությունը կարող է կապ ունենալ հենց այդ պատմության հետ: Ըստ նույն տեղեկությունների՝ առաջիկայում սպասվում է մի քանի այլ բարձրաստիճան ոստիկանների ազատում, որոնց թվում է առնվազն մեկ մարզային ոստիկանապետ: Նշված ֆինանսական բուրգի «շրջանառությունը», ինչպես նշել էինք, 2.5 միլիոն դոլար է եղել: Բացառված չէ, որ այս պաշտոնանկություններով փորձ կարվի գործը «լղոզել» ու խուսափել այն աղմուկից, որը կբարձրանա դրա լիարժեք բացահայտման արդյունքում: Նշենք, որ Վովա Գասպարյանը վաղուց էր փորձում ազատվել Ներսիկ Նազարյանից: Դեռ անցած տարի ամռանը նա Երևանի ոստիկանապետին ուղարկեց արձակուրդ և ամեն ինչ արեց, որ նա արձակուրդից այլևս չվերադաոնա իր պաշտոնին: Սակայն Նազարյանին հաջողվեց Գասպարյանի «գլխավերևում» լուծել իր հարցերը և վերադառնալ: Նշենք, որ վերջին շրջանում Նազարյանի համար անհաջող ժամանակներ են: Ըստ որոշ լուրերի՝ նրա կամ ինչպես ինքն է ասում իր ընտանիքի անդամների բիզնեսը այնքան էլ հաջող չի ընթանում: Խոսակցություններ կան իրենց 6 միլիոն դոլար վարկը մարելու հարցում առաջացած դժվարությունների մասին: Բացի այդ, Նազարյանի ընտանիքի` Չինաստանում սկսած ինչ-որ բիզնես անհաջողությունների է մատնվել: Բայց Նազարյանի «բիզնես-ունակությունները» մեծ են, որոնք պայմանավորված են հայ օլիգարխիայի հետ ունեցած նրա չափազանց սերտ կապերով: Նա ոստիկանապետ էր այնքանով, որքանով դա օգնում էր իրեն պահպանել և զարգացնել իր կապերը: Հիմա հետաքրքիր է, թե առանց իր ունեցած պաշտոնի որքանո՞վ այդ կապերը կամրանան կամ կթուլանան: Վովա Գասպարյանի հրամանով Երևանի ոստիկանապետ է նշանակվել Աշոտ Կարապետյանը, որը մինչ այդ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետն էր: ՔՀԳՎ պետ է նշանակվել Գագիկ Ավետիսյանը, որը մինչ այդ գլխավորում էր Արմավիրի մարզային ոստիկանությունը»,- գրել է «Հայկական ժամանակը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել