Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետների երեկվա հանդիպման գլխավոր թեման գազի մասով Հայաստանին վերաբերող դրույթներն էին: Պարզ դարձավ, որ 2018 թվականին Հայաստանի համար գազի սակագինը չի փոխվի, թեպետ նախնական շրջանում Հայաստանի ու Ռուսաստանի միջև պայմանավորվածություն կար այդ գնի փոփոխման հարցու, այլ կերպ ասած՝ 1000 խ/մ-ի համար Հայաստանը շարունակելու է վճարել 150 դոլար: Սրա մասին հայտարարեցին ոչ թե Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետները համատեղ մամլո ասուլիսում, այլ ռուսական «Գազպրոմ» ընկերության տնօրեն Ալեքսեյ Միլլերը, ում ենթակայության տակ նախկինում աշխատել է Կարեն Կարապետյանը: Հայաստանը, ինչպես գիտեք, գազ է ստանում երկու երկրից՝ Ռուսաստանից ու Իրանից: Համեմատական կարգով նշենք, որ անցյալ տարվա համեմատ Իրանից ստացվող գազի ծավալները 19 տոկոսից դարձել են 16 տոկոս, որը, Հայաստանի հիդրոէլեկտրակայաններում վերածվելով էներգիայի, հիմնականում վերադառնում է Իրան: Բնական է, որ մյուս մասն արդեն ռուսական գազն է, որը և կազմում է Հայաստան ներկրվող պաշարների առյուծի բաժինը: Ռուսաստանի վարչապետը նաև ակնարկել է, որ գազի սակագինը նույնը թողնելը հրաշալի հնարավորություն է Հայաստանի համար ներդրումային ֆոն ստեղծելու ու բիզնես առողջ միջավայր ստեղծելու համար՝ նշելով դրա համար Եվրասիական տնտեսական միությունից օգտվելու հնարավորությունը: Ի պատասխան դրա՝ վարչապետ Կարապետյանը, ով, ի դեպ, ռուսերեն էր խոսում մամլո ասուլիսի ընթացում, նշեց, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը վերջին 8 ամսվա կտրվածքով կազմել է 23 տոկոս, ինչին ի պատասխան Մեդվեդևը բերեց տեղեկատվություն այն մասին, որ իր թվերով այդ շրջանառությունը կազմել է 30 տոկոս ու ցանկալի կլինի նշել հենց այդ թիվը: Հանդիպումից հետո ՌԴ վարչապետին իր մոտ նախագահականում ընդունել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել