ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը վաղը կդառնար 81 տարեկան, ինչի առթիվ լրագրողների հետ հանդիպեց նրա այրին` Ռիմա Դեմիրճյանը: Խոսելով ամուսնու մասին` տիկին Դեմիրճյանն ասաց, որ Կարեն Դեմիրճյանի գլխավոր առաքելությունը ժողովրդին օգնելն էր: Դա էր պատճառը, որ երբ Ռոբերտ Քոչարյանը ընտրությունները կեղծելու ճանապարհով հաղթեց, նա գնաց համագործակցության: 

«Ամբողջ Գյումրին Դեմիրճյանին էր ձայնը տվել: Զանգահարում էին, հեռախոսը չէր լռում: Ասում էին` հրապարակում 200-300 հազար մարդ կհավաքվի, թող Դեմիրճյանը գա, սակայն նա կարծում էր, որ կիսապատերազմական վիճակում չի կարելի ներսում պատերազմ սարքել: Նա որոշեց համագործակցությամբ հասնել փոփոխության, բայց ոչ թե նա գնաց իշխանությունների մոտ, այլ իշխանությունները եկան իր մոտ: Հիմա էլ կա Վազգեն Սարգսյանի նամակը` ուղղված ամուսնուս»,- ասաց Ռ. Դեմիրճյանը:

Տիկին Դեմիրճյանն ամուսնու կենսագրության մասին գրել է գիրք, որը, ինչպես ինքն է բնորոշում, շատ ազնվորեն է գրել, սական կան դրվագներ, որոնց չի անդրադարձել: 

«Հիշատակ» գրքում տեղ են գտել Կարեն Դեմիրճյանի կյանքի մանրամասները, հատկապես անդրադարձ է կատարվել Դեմիրճյան-Գորբաչով հակամարտությանը. «Կարենի համար ճակատագրական են եղել Գորբաչովի հետ հանդիպումը և այն իրադարձությունները, որը բոլորիդ հայտնի է, թե ինչով վերջացավ: Մինչև հիմա վեճեր են գնում` արդյոք Գորբաչովը միտումնավո՞ր փլուզեց ԽՍՀՄ-ը, թե՞ չկարողացավ պահել: Կարենն այն կարծիքին էր, որ Գորբաչովը միջակություն էր, և նրան էր բաժին ընկել մի մեծ, պատմական, հսկայական խնդիր լուծելու առաքելությունը: Նա չէր կարող դա անել, ինչի պատճառով նրա ուղին ընթացավ զիգզագներով. մեկ ասում էր` վերակառուցում, մեկ ասում էր` քանդում: Նրա մոտ բացակայում էր քաղաքական գործչի ամենամեծ առավելությունը` հեռատեսությունը: Այդ հսկայական երկիրը, որի մասին ընդունված է միայն վատ խոսել, ունեցել է շատ դրական կողմեր, չի կարելի ամեն ինչը սևացնել»:

Տիկին Դեմիրճյանն ասաց, որ միշտ գրել է Կարենի սկզբունքների մասին, կան բաներ, որոնց մասին չի գրել և շեշտեց, որ արդեն չի էլ հասցնի, բայց հուսով է` տղաները կանեն. «Կարենը քանդում էր խորքերը, բազմակողմանի վերլուծության ենթարկում, նոր քայլեր ձեռնարկում: Նա խնայում էր ամեն մի արժեքավոր բան անցյալից: Նորը պետք է առանց ցնցումներ անելու մտնի կյանք: Կյանքի վերջին փուլում էլ շատ կարևոր հարցեր է լուծել: Նրա օրագրերը պահպանվել են, որոնք զուտ ֆինանսական պատճառներով չկարողացանք տպագրել, սակայն քաղվածք արեցինք և այդպես հրատարակեցինք»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել