![]() |
| Քաղաքական մեկնաբան |
Մոտ 10 օր է, ինչ մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, սակայն դժվար է գնահատել այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում են քաղաքական ուժերը: Ինչպես և սպասվում էր, քաղաքական ուժերն իրենց հիմնական մարտավարությունը կառուցել են գործող քաղաքապետի և ՀՀԿ-ի դեմ կոշտ քննադատության վրա:
Ինչևէ, հասկանալի է, երբ Տարոն Մարգարյանի դեմ օգտագործվող հիմնական քարոզչական զենքերը այս տարիների ընթացքում նրա բացթողումներն են, այն խնդիրները, որոնք կա’մ լուծում չեն ստացել, կա’մ դրանց կարգավորման ընթացքը բավականին դանդաղ է:
Նախընտրական քարոզարշավի նման ընթացքը բերում է նրան, որ այն նախընտրական ծրագրերի տիրույթից տեղափոխվում է լրիվ ուրիշ հարթություն: Ավելին, չնայած այն հանգամանքին, որ քարոզարշավը գրեթե հատել է առաջին տասնօրյակը, որոշ ուժեր առհասարակ չեն ներկայացրել իրենց նախընտրական ծրագիրը կամ ներկայացրել են ծրագրեր, որոնք ավելի շատ բարի ցանկությունների կամ կենացների ամբողջություն են:
Չի բացառվում, որ քաղաքական ուժերը, իրենց քարոզարշավը «Տարոնի դեմ» սկզբունքով կառուցելով, փորձում են քողարկել նաև իրենց ծրագրերի բացակայությունն ու ասելիքի պակասը: Այս ամենը խոսում է ընտրական գործընթացների նկատմամբ այդ ուժերի դրսևորած անլրջության մասին:
Մեզնում քաղաքական ուժերը, նախընտրական քարոզարշավ ասելիս, նկատի ունեն փողոցներում քարոզչական պաստառների զանգվածային տեղադրում, բուկլետների բաժանում, կոսմետիկ աշխատանքների իրականացում, ամեն դեպքում` իշխանության քննադատում… Իսկ ինչ մնում է լուրջ պրոցեսներին, դրանք գրեթե բացակայում են:
Այն, որ քաղաքում կան մեծ թվով չլուծված խնդիրներ, բոլորին է հայտնի: Սակայն, երբ բոլորը խոսում են խնդիրներից, սակայն ոչ ոք կոնկրետ լուծումներ չի առաջարկում, ողջ գործընթացը պարզապես վերածվում է «բազառի»:
Քաղաքական ուժերն ու գործիչներն այդպես էլ չեն կարողանում հասկանալ, որ այն խնդիրները, որոնց մասին ընտրությունից ընտրություն խոսում են, լավ ծանոթ են շարքային ընտրողներին: Մարդիկ այդ խնդիրների հետ ոչ միայն ամեն օր առնչվում են, այլև դրանց չլուծված լինելը զգում են սեփական մաշկի վրա: Շարքային երևանցուն բառի բուն իմաստով զայրացնում է այն փաստը, երբ ընտրություններից անմիջապես առաջ բոլոր քաղաքական գործիչները սկսում են հետաքրքրվել քաղաքացու ճակատագրով ու նրա ապագայով, իսկ ընտրություններից անմիջապես հետո մեղադրում քաղաքացուն վճռականություն և կամք չդրսևորելու, իրենց հաղթանակը չապահովելու համար: Այդքանով պայքարն ավարտվում է, իսկ քաղաքացին կրկին միայնակ է մնում իր հոգսերի ու պրոբլեմների հետ դեմ առ դեմ:
Եվ վերջին դիտարկումը. տպավորություն է ստեղծվում, որ պայքարը ոչ թե քաղաքապետի ընտրության, այլ լրիվ ուրիշ դաշտում է: Չբացառելով դրանց քաղաքական բնույթը, այնուամենայնիվ, պետք է փաստել, որ քաղաքական ուժերն ընտրությունների քաղաքական նշանակությունն ամեն կերպ փորձում են թեժ պահել միայն մեկ նպատակով՝ հիմք ստեղծելու՝ պրոցեսն իրենց գլոբալ քաղաքական շահերին ծառայեցնելու ու որդեգրած գիծը առաջ տանելու համար (դիտմամբ «քաղաքական գիծ» բառակապակցություն չեմ օգտագործում):




