Այս տարվա սեպտեմբերից Հայաստանի բուհերը դադարել են ուսանողներին միավորներ տալ ներկայության համար:
Արդյունքում ուսանողները սկսել են դասի չգալ, որովհետև մինչ այդ մի քանի տարի առանց բացակայելու հաճախում էին՝ կիսամյակի վերջում երկու միավոր ստանալու համար:
Սա լավ օրինակ է այն բանի՝ ինչպես է պետությունը սխալ որոշում կայացնում՝ միավոր տալու մասին, ընթացքում ձևավորում է դասի գալու սխալ մոտիվացիա, հետո դադարում է կիրառել այդ որոշումը և արդյունքում ունենում է կիսադատարկ լսարաններ:
Եթե այլ ոլորտներում նույնպես պետությունը գործում է նույն տրամաբանությամբ՝ առանց մտածելու որոշում կայացնում, հետո՝ որոշ ժամանակ անց, վերացնում այդ որոշումը և արդյունքում ունենում ավելի վատ իրավիճակ, ապա պետք է վերանայել, առհասարակ, երկրում որոշումների ընդունման ողջ «տրամաբանությունը»: