Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանը քաղաքական միտք արտադրող երկիր չէ ու հիմնականում ազդվում է այլ երկրներում տեղի ունեցող գործընթացներից։ Սա ճիշտ է։ Սակայն այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Ռուսաստանում, տպավորություն է, որ ազդեցություն է կրում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններից։ Ինչպես գիտեք, Ռուսաստանում նախագահի ընտրութուններին մասնակցելու ցանկություն է հայտնել հայտնի սկանդալային լրագրող Քսենյա Սոբչակը։ Ամենայն հավանականությամբ, հենց նա կլինի ռուսական ընդդիմադիր լիբերալ հատվածի թեկնածուն։ Սակայն այստեղ դա այդքան էական չէ։ Սոբչակի մասնակցությամբ Ռուսաստանում փորձ է արվում ամեն կերպ ընտրությունների հանդեպ հետաքրքրությունը նվազեցնել, մանավանդ այն դեպքում, երբ հիմնական ընդդիմադիր թեկնածուին՝ Ալեքսեյ Նավալնուն, չեն թույլատրել մասնակցել ընտրություններին։ Նրան չեն գրանցել։ Եվ այսպես՝ ի՞նչ է նշանակում Սոբչակի առաջադրումը։
Նախապես ասենք, որ վերջինս խոստացել է հանել իր թեկնածությունը, եթե գրանցեն Նավալնուն։ Պարզ է, որ սա տեխնոլոգիական քայլ է, Նավալնուն չեն գրանցելու։ Հետևաբար եթե Սոբչակը վստահ է իր ուժերին, նրան ոչ ոք, նույնիսկ Նավալնին չի կարող ստիպել հրաժարվել իր թեկնածությունից։ Հետևաբար Սոբչակն իրեն հաղթող թեկնածու չի համարում կամ չունի նման մտադրություն, այլ նպատակը բացառապես մասնակցելն է։
Իսկ ինչո՞ւ է նա մասնակցում։ Քսենյան, իհարկե, վառ դերակատարություն ունի ռուսական հասարակական- քաղաքական կյանքում, սակայն նա ոչ միանշանակ կերպար է ու ընդ որում՝ նույնիսկ այն մարդկանց համար, ովքեր արժեքային համակարգով գուցե նրա հետ համամիտ են։ Բացի հասարակականից՝ նաև բազմաթիվ մշակութային և սեքս սկանդալների կենտրոնում է հայտնվել, ինչը քաղաքական ֆիգուրին խոցելի է դարձնում ոչ միայն ներքին, այլև արտաքին աշխարհի համար։ Հետևաբար, եթե մի պահ պատկերացնենք, որ Սոբչակը հաղթել է Պուտինին, կարելի է սպասել, թե ինչ դժվարությունների նա կարող է հանդիպել արդեն ի պաշտոնե։
Եվ վերջապես՝ ինչո՞ւ հենց նա։ Ահա այստեղ արդեն նմանություն կա Հայաստանի ու Ռուսաստանի ընտրությունների միջև։ Մեկ բառով ասած՝ փորձ է արվում ընտրությունների հանդեպ հասարակության ակնկալիքներն իջեցնելու մինիմումի։ Անլրջացնել, խեղել, վերածել թատերական ներկայացման ընտրությունները, որովհետև ինչքան դրանք լուրջ են ու գաղափարական, այնքան իշխանությունը խոցելի է, որովհետև Ռուսաստանում, ի տարբերություն Հայաստանի, գոյություն ունի մարդկային ռեսուրս, էլիտայի այլընտրանք, որոնք կարող են փոխարինել ներկա վարչակազմին։ Սակայն Սոբչակի առաջադրումը պայմանավորված չէ նրանով, որ, ասենք, եթե Նավալնին լիներ, Պուտինը չէր կարողանալու հաղթել նրան։ Նավալնուն նույնպես հաղթելու էր, սակայն այդ դեպքում Նավալնին ունակ էր լինելու ձևավորել հստակ էլեկտորատ, որոնք արդեն հաջորդ ընտրություններում, երբ Պուտինը էլ չլինի, կարող էր հավակնել հաղթանակի, իսկ այս դեպքում քաղաքական էլեկտորատը լղոզվում էր ու գնալով բյուրեղանում։ Իսկ Հայաստանի փորձը ցույց է տալիս, որ հանրային ակնկալիքների չեզոքացման պարագայում իշխանության համար շատ ավելի հեշտ է լինում էլիտայի վերադասավորումն ու կառավարման մեթոդաբանություն ընտրելը։